Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կամավոր-պարտադիր» պատվաստման գործընթացի վիճարկումը ՍԴ-ում կասեցվեց մինչև դեկտեմբերի 16-ը

«Կամավոր-պարտադիր» պատվաստման գործընթացի վիճարկումը ՍԴ-ում  կասեցվեց մինչև դեկտեմբերի 16-ը
Իրավունք
13:47, 26 ноябрь 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի՝ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականությանը համապատասխանության դիմումը: Նշենք, որ դատարանում վիճարկվում է աշխատող քաղաքացիների համար սահմանված՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստման փաստը ներկայացնելու հրամանը: 

Երեկ դատական նիստն ընդհատվել էր դատավորների կողմից միջնորդություններ ներկայացնելու հարց բարձրացնելուց հետո: ՍԴ նախագահը նշեց, որ այժմ կքննարկեն դատավորների միջնորդությունները գործի նյութեր պահանջելու վերաբերյալ:

Հրայր Թովմասյանը միջնորդեց կառավարությունից հնգօրյա ժամկետում պահանջել նախարարի 17-Ն հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն. «Ինձ հետաքրքրողը այս սուբյեկտների մեջ նվազագույն աշխատավարձ ստացողների թվաքանակն է»:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանը վերաբերում է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելուն՝ աշխատավայրում, միջոցառումների ժամանակ և այլ վայրերում:

Պատասխանող կողմերը՝ ԱԺ ներկայացուցիչն ու առողջապահության նախարարի ներկայացուցիչը, միջնորդության վերաբերյալ առարկություններ չունեին: 

Դատավոր Էդգար Շաթիրյանը կարևորեց դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացրած միջնորդությունը: Դատավոր Վահե Գրիգորյանն էլ ասաց, որ այդ տեղեկատվության անհրաժեշտությունը չի տեսնում, բայց քանի որ դատավորների համար կարևոր է՝ կողմ է քվեարկում:
Միջնորդությունն ընդունվեց միաձայն: 

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ դատարանը պահանջելու է պատասխանողից ՍԴ ներկայացնել շուկայում գործող ՊՇՌ թեստավորման նվազագույն և առավելագույն գները, ինչպես նաև պատվաստված անձանց  վարակվելիության և վարակելիության վիճակագրությունը: 

Որոշումներն ընդունվեցին՝ դատավորները կողմ էին:  

Նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ հիմքեր առաջացան դատաքննությունը հետաձգելու վերաբերյալ: Հաջորդ դատաքննությունը նշանակվեց դեկտեմբերի 16-ին, ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ  Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում վիճարկում են առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնելու։