Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճարտարի բնակչին սպանած Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱՀ ՔԿ

Ճարտարի բնակչին սպանած Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱՀ ՔԿ
Իրավունք
20:59, 03 февраль 2022
Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն «Ֆեյսբուք»-ի էջում գրել է.

«2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար տեղեկություններ էինք տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելու ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու հանցադեպի մասին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության  ԶՈՒ  զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին:

ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:

Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։