Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ կուսակցության գրասենյակը թալանելու դատական գործը վկաների հարցաքննության փուլում է

ՔՊ կուսակցության գրասենյակը թալանելու դատական գործը վկաների հարցաքննության փուլում է
Իրավունք
18:17, 11 май 2022
Մայիսի 4-ին կայացել է դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին ՔՊ գրասենյակ ներխուժած ու թալանած Էրիկ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։ 

Նշենք, որ 10-ից ավելի երիտասարդների խումբ էր գիշերը ներխուժել ՔՊ գրասենյակ և ջարդուփշուր արել գույքը՝ գողանալով թանկարժեք իրեր՝ նոութբուք, տեսախցիկներ, հեռախոսներ։ Սակայն այդ անձանցից նույնականացվել է միայն մեկ հոգի։ 

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցել էին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի վրա հարձակված ոչ բոլոր անձանց է հնարավոր եղել նույնականացնել, և այդ մասով գործը կարճվել է։ Ներկայումս ամբաստանյալի աթոռին մեկ հոգի է, որն էլ մեղադրվում է միայն ՔՊ գրասենյակից հափշտակություն կատարելու համար։  
Էրիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության հատկանիշներով:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ արդեն թվով 3 դատական նիստ է կայացել։ Civic.am-ի հետ զրույցում ՔՊ շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ ներկայումս վկաների հարցաքննության փուլն է։ Նրա խոսքով՝ մայիսի 4-ի նիստին որպես վկա հարցաքննվել է ՔՊ գրասենյակի աշխատակցուհին, հաջորդ նիստին կհարցաքննվեն ՔՊ մյուս անդամները՝ կրկին վկայի կարգավիճակով։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 20-ին։