Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ-ն ուսումնասիրում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի հանգամանքները, վարույթը նախաձեռնվել է 187-րդ հոդվածի հատկանիշներով․ Գոռ Աբրահամյան

ՔԿ-ն ուսումնասիրում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի հանգամանքները, վարույթը նախաձեռնվել է 187-րդ հոդվածի հատկանիշներով․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
13:30, 19 июль 2022
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել նոր քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է բժշկական հնարավոր սխալ թույլ տալուն։ Քննությունն իրականացվում է քննչական կոմիտեում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Հարցին՝ ուսումնասիրվելու՞ է ՔԿՀ-ում հնարավոր ոչ պատշաճ բժշկական հետազոտությունների իրականացումը, Գոռ Աբրահամյանն արձագանքեց․ «Հնարավոր ամեն ինչ դառնալու է քննության առարկա։ Պետք է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված են որոշակի իրավունքներ կապված անազատության մեջ գտնվող անձանց կյանքի իրավունքի ապահովման տեսանկյունից՝ դա պետության պարտականությունն է հանդիսանում։ Քանի որ Արմեն Գրիգորյանը գտնվել է պետության հոգածության ներքո և դեպքը տեղի է ունեցել այդ պայմաններում՝ նման բոլոր դեպքերում նախաձեռնվում է քրեական վարույթ։ Նախկինում առնվազն նյութեր էին նախապատրաստվում և եթե բավարար հիմքեր էին լինում քրեական գործ էր հարուցվում, իսկ նոր քրեական դատավարության օրենսգրքի հասկացություններով քրեական վարույթ է նախաձեռնվում»։ 

Գոռ Աբրահամյանն ընդգծեց, որ դեպքը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ և առերևույթ հանցագործության հատկանիշներ արտաքուստ չեն երևացել, բայց անկախ դրանից պետք է կատարվի լիարժեք քննություն՝ հանգամանքները պարզելու և վերջնական գնահատական տալու համար․ «Եթե մեղավորներ ի հայտ կբերվեն, կպարզվի, որ Արմեն Գրիգորյանի մահը պայմանավորված է եղել իրավասու օղակների պաշտոնատար անձանց գործողություններով, անգործությամբ և կան ապացույցներ անձանց մեղքը հիմնավորող՝ կառաջադրվեն մեղադրանքներ և գործը կգնա դատարան, հակառակ պարագայում որոշում կկայացվի գործը կարճելու հետ կապված։ Արդյունքների մասին հանրությունը կտեղեկանա»։  

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, իսկ մինչ շտապօգնության ժամանելն արդեն մահացել էր։ 

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Նա «Հայելի» հաղորդաշարի ընթացքում շիրակցիներին և Արարատյան դաշտի բնակչությանը «թուրքի եթիմ» էր անվանել:

Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր մայիսի 18-ից։