Քաղաքացիակենտրոն
լրատվություն

239 պաշտոնատար անձ չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիր, 171 անձ էլ՝ 2022թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր

239 պաշտոնատար անձ չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիր, 171 անձ էլ՝ 2022թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր
Իրավունք
19:03, 16 август 2022
Civic.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե  «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քանի՞  պաշտոնատար անձ (և նրան փոխկապակցված անձինք) չի ներկայացրել 2021թ. տարեկան հայտարարագիրը։ Արդյոք Հանձնաժողովը այդ մասով հարուցե՞լ է համապատասխան վարույթներ և քանի՞ այդպիսի  դեպքով։  Խնդրել էինք նշել  2021թ. տարեկան հայտարարագիր չներկայացրած անձանց թիվն ու նրանց տվյալները,  ինչպես նաև այն հայտարարատուների թիվն ու տվյալները, որոնք չեն ներկայացրել  պաշտոնի դադարեցման  հայտարարագիր։ 

«2022 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) 2021 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 239 հայտարարատու պաշտոնատար անձ, իսկ 2022 թվականին պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 171 հայտարարատու պաշտոնատար անձ (նշված թիվը կարող է փոփոխվել տարբեր գերատեսչություններից ստացված տվյալների մուտքագրման արդյունքում): Նշված անձանց նկատմամբ Հանձնաժողովում ներկա պահին իրականացվում են օրենքով սահմանված գործողություններ»,- ի պատասխան՝ հայտնել են Հանձնաժողովից։ 

Նշենք, որ ըստ ՔՕ 444 հոդվածի՝ 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝ 
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:  

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: