Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը չի ներկայացրել 2021 թ․ տարեկան հայտարարագիրը, Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովում իրականացվում են վերաբերելի գործողություններ

Ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը չի ներկայացրել 2021 թ․ տարեկան հայտարարագիրը, Կոռուպցիայի կանխարգելման  Հանձնաժողովում իրականացվում են վերաբերելի գործողություններ
Հասարակություն
20:21, 15 август 2022
Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի՝  մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ԱԺ պատգամավոր դարձած Ասպրամ Կրպեյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել իր 2021 թ․ տարեկան հայտարարագիրը։ 

Հավանաբար պատճառը գերզբաղվածությունն է՝ մինչեւ կոկրդը հայրենիքի փրկության գործում խրված լինելը։ Նկատենք, որ մի քանի ամիս պատգամավոր աշխատած ու իր էքսցենտրիկ վարքով աչքի ընկած պատգամավորի մայրը՝ Իրինա  Բարսեղյանը, եւս, չի ներկայացրել հայտարարագրեր։ Որպես համատեղ բնակվող անձ՝ Բարսեղյանը պարտավոր էր ներկայացնել դստեր՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի եւ եկամուտների, ինչպես նաեւ  2021 թ․ տարեկան հայտարարագրերը։

Civic.am-ը Ասպրամ Կրպեյանի եւ նրա հետ համատեղ բնակվող անձի՝ հայտարարագրերի հետ կապված հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ համապատասխան հայտարարագրերը հրապարակված չեն կայքում։

Մեր հարցի ի պատասխան Հանձնաժողովից մասնավորապես հայտնել են, որ «ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանի 2021 թվականի տարեկան հայտարարագիրը զետեղված չէ Հանձնաժողովի պաշտոնական կայքում, քանի որ վերջինս այն չի ներկայացրել, ինչի առնչությամբ ևս Հանձնաժողովում իրականացվում են վերաբերելի գործողություններ»: Նկատենք, որ 2021 թ․ տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը ս․թ․ մայիսի 31-ն էր։  

Նշենք, որ 2021 թ․ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված  հայտարարագրում Կրպեյանը համատեղ սեփականությամբ իրեն պատկանող Նոր-նորքում գտնվող մեկ բնակարան է հայտարարագրել, մեկ հողամաս Արարատի Գեղանիստ համայնքում, 2 մլն դրամ կանխիկ գումար եւ որպես ավանդ՝ 10 հազար ԱՄՆ դոլար։ 

Կրպեյանը, նշենք,որ Ա․Կրպեյանը 2020 թվականին պետական գրանցում ստացած   «ԹԱԹՈւԼ ԿՐՊԵՅԱՆ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ» հիմնադրամի համահիմնադիր տնօրենն է,   https://petekamutner.am/shared/Reports/Report2021-01017886-vh.pdf։ 

Տեղեկացնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են թվով 45 հայտարարագրմանն առնչվող եւ կարգապահական խախտումների վերաբեյալ վարույթներ: Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են հայտարարագրմանն առնչվող  խախտումների վերաբերյալ թվով 30 վարույթներ, Հարուցված 30 վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից թվով 10-ը հարուցվել են սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով, 19-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 1-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտման հիմքերով։