Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռեյտինգայինից հրաժարվելու նախագծի ճակատագիրն անհայտ է․ նախագահը 10 օր է՝ չի ստորագրում այն․ սպասում է Վենետիկի եզրակացությա՞նը

Ռեյտինգայինից հրաժարվելու նախագծի ճակատագիրն անհայտ է․ նախագահը 10 օր է՝ չի ստորագրում այն․ սպասում է Վենետիկի եզրակացությա՞նը
Իրավունք
16:19, 12 апрель 2021
ՀՀ նախագահը ապրիլի 10-ին չստորագրեց և ՍԴ ուղարկեց իր մոտ տևական ժամանակ գտնվող, ԱԺ-ի կողմից ընդունված՝ դատական բարեփոխումների վերաբերյալ օրենքը, իսկ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Արդյո՞ք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սպասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ 

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից Civic.am-ին տեղեկացրել են, որ ՀՀ նախագահը դեռևս ապրիլի 2-ին է ստացել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների մասին օրենքը։ Օրենքը ստորագրելու կամ ՍԴ ուղարկելու համար Արմեն Սարգսյանն ունի 21 օրյա ժամկետ։ 

Արդեն իսկ ԱԺ-ի կողմից ընդունված և ՀՀ նախագահին ուղարկված օրենքում ներառված են այն դրույթների մի մասը, որոնք Նոր ընտրական օրենսգրքի ամբողջական փաթեթով ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովին։ Նշենք, որ Նոր Ընտրական օրենսգրքի ամբողջական փաթեթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը սպասվում է ապրիլի 19-ին։ 

Civic.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեց, եթե Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացնի Ընտրական օրենսգրքի այն դրույթների վերաբերյալ, որոնք արդեն ԱԺ-ն ընդունել է և ուղարկել է նախագահին, ապա ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը։  

Ի պատասխան մեր հարցի՝ Վլադիմիր Վարդանյանը նախ նշեց, որ ինքը Վենետիկի հանձնաժողովին տեղեկացրել է տեղի ունեցած անհրաժեշտ փոփոխությունների մասին, այնուհետև հավելեց, որ նախագծի մշակման ժամանակ օգտագործվել են միջազգային չափորոշիչներ, օգտագործվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից նախկինում արված խորհուրդները․ «Նախագծի հիմքում նաև դրված են լավագույն եվրոպական փորձերը, որոնք տարբեր երկրներում դրսևորել են իրենց դրական կողմերը՝ առավելությունները։ Փոփոխությունների հիմքում ընկած են նաև այն խնդիրները, որոնք վեր ենք հանել 2017-2018թթ ընտրություններից հետո»։

 Պատգամավորը հիշատակեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ռեյտինգային համակարգը վերացնելու առնչությամբ քննարկումներն սկսվել են դեռևս 2018թ-ին․ «Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ տեղյակ է Հայաստանում ընթացող գործընթացների մասին, տվյալ կարգի հետ կապված վերաբերմունքի մասին։ Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է նաև առ այն, որ ընտրակարգի փոփոխություն տեղի չի ունենում, այլ տեղի է ունենում ընտրակարգի պարզեցում, որը առավել հասկանալի է դարձնում ընտրողին ՀՀ-ում առկա ընտրական համակարգը»։ 

Մեր դիտարկմանը՝ եթե ԱԺ-ում ընդունված դրույթների շուրջ այնուամենայնիվ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը բացասական լինի՝ «Իմ քայլը» պատրա՞ստ է վերանայելու արդեն իսկ ընդունված այդ դրույթները՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ձուկը ջրում շատ դժվար է ինչ-որ որոշում կայացնել։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, իհարկե, որոշակի շտկումներ տեղ կգտնեն նախագծում։ Պետք է նշեմ, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների և Վենետիկի հանձնաժողովի միջև տեղի ունեցած օնլայն հանդիպման ժամանակ՝ ես հստակ ասել եմ․ «Կան որոշ դրույթներ, որոնք մեր կարծիքով առավել ժողովրդավարական են համեմատած այն գործընթացների՝ այն դրույթների հետ, որոնք առկա են գործող օրենսգրքում, բայց մենք ապավինում ենք ձեր կարծիքին և ձեր որոշմանն այս հարցի վերաբերյալ»»,-եզրափակեց նա։   
Ե՞րբ է պատրաստվում ՀՀ նախագահը ստորագրել «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների մասին» օրենքը, արդյո՞ք սպասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Այս հարցի պատասխանն ստանալու համար մենք կապ հաստատեցինք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանի հետ։

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, մենք ստացել ենք օրենք, նախագահը ունի 21-օրյա ժամկետ իր դիրքորոշումը հայտնելու»,-ի պատասխան մեր հարցի արձագանքեց հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարը։   
 
Նարա Մարտիրոսյան