Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքով գործը ՔԿ-ում է՝ հարուցվել է վարույթ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. ՔԿ մամուլի քարտուղար

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքով գործը ՔԿ-ում է՝ հարուցվել է վարույթ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. ՔԿ մամուլի քարտուղար
Իրավունք
18:43, 18 октябрь 2022
Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքով գործը ստացվել է ոստիկանությունից, և Քննչական կոմիտեում ընդունվել է վարույթ՝ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներն են՝  առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 

Հարցին՝ արդյոք ծեծողները նույնականացվա՞ծ են, ոչ ոստիկանությունից, ոչ էլ Քննչական կոմիտեից հստակ պատասխան չտվեցին։ 
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան, իր տան մոտ ծեծի է ենթարկվել Վայոց ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ներկայումս վարչապետի ընդդիմադիր թեկնածուներից Էդգար Ղազարյանը։ Դեպքից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից էլ ահազանգ է եղել ոստիկանություն։ 

Էդգար Ղազարյանը «Էրեբունի» հիվանդանոցից դուրս գրվելիս լրագրողներին հայտնել է, որ գլխի հատվածում կարեր են դրվել, իսկ մարմնի վրա սալջարդի հետքեր կան։ «Ես ասում էի՝ սպանում եք ինձ: Դրանից հետո անշարժացա: Հետո իրենք գնացին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ ձեզ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք»,-լրագրողներին պատմել է Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ծեծողները երկու հոգով են եղել և նախապես սպասել են իրեն՝ իր շենքի բակում։

Էդգար Ղազարյանը, թեև չի ճանաչել իր վրա հարձակվողներին, սակայն հայտարարել է, թե իշխանությունը պատվիրել է ֆիզիկապես ոչնչացնել իրեն, բայց բարեբախտաբար չի հաջողել։