Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսնում ենք, որ պետության ներսում գործում են գործակալական կառույցներ, և ստիպված ենք դրանից պաշտպանվել. ԱԺ հանձնաժողովում ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու բռնությամբ զուգորդվող կոչերը քրեականացնելու մասին նախագիծը ստացավ դրական եզրակացություն

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր այսուհետ քրեորեն պատժելի դարձնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը։   
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարևորեց նախագծի ընդունումը, սակայն ըստ պատգամավորի՝ եթե որևէ գործողության համար քրեական հետապնդում է սահմանվում, ապա պետք է առավել հստակ ձևակերպվի, թե այս դեպքում ի՞նչ է ինքնիշխանությունը, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունների առիթ չտա։ 

Ի պատասխան՝ հիմնական զեկուցողը նշեց, որ իրենց կարծիքով՝ հնարավոր բոլոր տեղերում ինքնիշխանություն եզրույթը հստակեցված է, և առավել հստակություն տալու կամ բնորոշելու անհրաժեշտություն չկա, ինչին ի պատասխան Գեղամ Նազարյանը օրինակներով խոսեց:  

Արծվիկ Մինասյանն էլ հղում կատարեց Անկախության հռչակագրին, հարցնելով՝ այն տարածքները, որոնք անցել են թշնամու տիրապետության տակ, այդ դեպքերը համարվո՞ւմ են ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ։

Որոշակիության հետ կապված խնդրին Լևոն Բալյանը խոստացավ անդրադառնալ և անհրաժեշտության դեպքում  ավելի հստակեցնել։ 
Հարակից զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ նախագծով  առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչերը, գործողությունները, և դա չի կարող վերաբերել այս կամ այն վերպետական կառույցներին միանալու մասին կարծիքներին։ 

Հարցեր ուղղելով հարակից զեկուցողին՝ Գեղամ Նազարյանը կրկին անցավ օրինակների՝ մեջբերելով իրեն պատահած տաքսիստների կարծիքները, որ Հայաստանը պետք է անցնի կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Թուրքիայի լծի տակ, Հայաստանը միայնակ չի կարող գոյատևել և այլն։ Ապա հարցրեց՝ արդյոք այս հայտարարություները և՞ս չպետք է քրեականացվեն։ 

Ըստ Գեղամ Նազարյանի՝ պետք է քրեականացվեն ոչ միայն բռնության կոչերով զուգորդված ինքնիշխանությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, այլև ընդհանրապես ինքնիշխանությունից հրաժարվելու վերաբերյալ ցանկացած կոչ, անկախ նրանից՝ բռնության կոչեր այն պարունակո՞ւմ է թե՞ ոչ։

Կառավարող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը քննարկումը օգտակար որակեց՝ նշելով. ընդդիմության գործն է իշխանությանը քննադատելը, սակայն լավ կլիներ, եթե ընդդիմությունը նաև  առաջարկներ ներկայացներ։

Ըստ Խաչատրյանի՝ նման դեպքերի համար պետք է մահակ լինի, և այդ մահակը պետք է գործի։ 

Արդարադատության նախարարի տեղակալը օրինագծի բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնեց, իսկ նախագիծը ստացավ դրական եզրակացություն։

Նիստի ավարտից հետո, անդրադառնալով տարբեր վերպետական կազմակերպությունների անդամակցման օգտին առանց բռնության կոչերի հայտարարությունները քրեականացնելուն, ի տարբերություն իր գործընկեր Գեղամ Նազարյանի՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա կարող է դիտարկվել որպես կարծիքի ազատորեն արտահայտում, և խոսքի իրավունքի համադրման հարց կա, այլ դեպք է, եթե կա իրական սպառնալիք։  

Ըստ Մինասյանի՝ ընդդիմության կողմից նման կոչերը կարելի է դիտարկել խոսքի ազատության, կարծիքի արտահայտման համատեքստում, իսկ իշխանությունները ունեն պետությունը վերպետական տարբեր կազմակերպությունների կազմ ներառելու գործիքակազմ։ Այսինքն՝ այդ դեպքում պետք է գործի այս օրենքը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան