Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, որտեղ չկան քաղաքական թիմի անդամների համար այլ երաշխիքներ․ Գրիգոր Մինասյանը՝ Երևանի փոխքաղաքապետի և նույն գործով այլ ձերբակալվածների մասին

«Ես համոզված եմ, որ պետության կայացման կարևոր հենասյուներից է  հենց մրցակցությունը, այսինքն՝ թե՛ պետական մարմինների միջև, թե՛ քաղաքական գործիչների կողմից ազատ արտահայտվելու իրավունքի երաշխավորումը։ Եվ դրա շրջանակներում կարծում եմ, որ պարադոքս չկա, նորմալ է, երբ մարդն ունի իր պատկերացումները կամ դժգոհությունները  մանավանդ ձեր բարձրացրած հարցերի շրջանակներում, կարծես թե իրեն որպես անձ նույնպես այս գործն առնչվում է, նորմալ է, որ ազատ խոսքի շրջանակներում մարդն արտահայտվի, և եթե ինչ-որ դժգոհություն ունի, նույնպես բարձրաձայնի: Դա ավելի կմոտիվացնի մեր իրավապահ համակարգին՝ էլ ավելի լավ աշխատել, էլ ավելի լավ օրենքներ նախագծել, այսինքն՝ բոլորս պետք է էլ ավելի լավ աշխատենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե չկա՞ արդյոք պարադոքս, երբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ պետական ապարատում կան թերություններ։

Հիշեցնենք, որ CՕVID-19 համավարակի չարաշահումների գործով կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, 2020-2022թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։ Իսկ Արսեն Թորոսյանը, որն այդ ժամանակ եղել է առողջապահության նախարար, հայտարարել է նաև, որ իրեն չեն կանչել հարցաքննության։ 

  Հարցին՝ որտեղի՞ց գիտի, որ Արսեն Թորոսյանին առնչվում է այս գործը, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ նրա անունը չի տվել, նախարարն ասաց, որ ինքը կարդացել է Արսեն Թորոսյանի հայտարարությունները, որտեղ նա բարձրաձայնում էր այդ հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել, և նույնիսկ խնդրում էր, որ ինքը ներգրավվի, և այդ առումով բնական է, որ այս կամ այն ձևով ներգրավված է։   

Իսկ այն հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրը, թե Գլխավոր դատախազին դիմում է ներկայացվելու Թորոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և անձեռնմխելիությունից զրկելու համար, Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ ինքը չունի նման տեղեկություններ, և հավելեց, որ այդ ամենը նախաքննության գաղտնիքի շրջանակում է։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն 11 անձ 26 միլիարդի յուրացման մեջ է մեղադրվում, նախարարը ասաց. «Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, որտեղ չկան քաղաքական թիմում գտնվող մարդկանց կամ պաշտոնյաների համար այլ երաշխիքներ, այլ իրավունքներ, քան ուրիշ քաղաքացիների համար։ Ես մենակ ուրախ եմ, որ նման քննարկումներ կան, և նման քրեական վարույթներով ամբողջ պետական ապարատը, համայնքային աշխատողները, բոլորը հասկանում են, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է, և չկա յուրային ու ոչ յուրային։ Ու եթե մարդը կատարել է հանցագործություն, ինքը պատժվելու է մեր երկրում»։
   
Լիլիթ Թադևոսյան 

Մանրամասները՝ տեսանյութում