Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Սերգո Կարապետյանը այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ և ոչ թե հիմա. Սերժ Սարգսյանը հարցաքննվեց կես միլիարդ դրամ յուրացնելու գործով

«Դիզվառելիքի գործով» օգոստոսի 10-ին դատարանում հարցաքննվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

2019 թվականին Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելը կամ վատնելը։ 

Այս գործով անցնում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ով մահացել է 2021-ին, ինչպես նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։

Սարգսյանը իր հարցաքննության ժամանակ նշեց, որ առանձնապես ասելիք չունի, որովհետև դատաքննության ողջ ընթացքը, իր կարծիքով, ապացուցել է, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել՝ «Ֆլեշ» ընկերությանը հաղթող ճանաչելով, հակառակ դեպքում Կարապետյանը պատասխանատվության կենթարկվեր ոչ թե հիմա, այլ այն ժամանակ։

Ի պատասխան մեղադրող կողմի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Բարսեղ Բեգլարյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, իսկ Սերգո Կարապետյանի հետ ունեցել է զուտ աշխատանքային հարաբերություններ։ 

Ըստ Սերժ Սարգսյանի՝ Սերգո Կարապետյանը իր հետ քննարկում չի ունեցել այն մասին, թե որ ընկերությունը ինչ գնառաջարկ է արել։ Նա Սերգո Կարապետյանին որևէ ցուցում չի տվել։ Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի կողմից այն հայտարարությունը, թե բոլորին էլ պարզ է, թե ինչու է Սերգո Կարապետյանը որոշել իր դեմ ցուցմունք տալ, Սարգսյանն ասաց, որ որևէ այլ ընկերություն ի վիճակի չի եղել նման ծավալի դիզվառելիք մատակարարել։

Դատավորը հրապարակեց Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսումից հատված, որտեղ Սերգո Կարապետյանն ասել էր, թե Բարսեղ Բեգլարյանն իրեն ասել է, որ ինքը պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ, դիզվառելիքի ներկրումը ինքը պետք է կազմակերպի։ Ապա, ըստ նախկին գյուղնախարարի, ինքը զեկուցել է այդ մասին Սերժ Սարգսյանին, ասել է, որ ավելի ցածր գին առաջարկողներ կան, սակայն Սերժ Սարգսյանն իրեն ցուցում է տվել մատակարարման իրավունքը տալ Բարսեղ Բեգլարյանին։ Սերժ Սարգսյանը հերքեց՝ նշելով, թե նա Կարապետյանին այդպիսի ցուցում չի տվել։

Հիշեցնենք, որ ըստ դատախազության, «Մաքսհուր» ընկերությունն ավելի ցածր գին է առաջարկել, և այդ ընկերության առաջարկած գնով նույն քանակի դիզվառելիք մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր մոտ 490 մլն դրամով պակաս, քան «Ֆլեշ» ընկերության առաջարկի դեպքում։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 24-ին։

Վովա Հակոբյան

Մանրամասն՝ տեսանյութում