Հայ Հեղափոխական Դաշնակցությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին «Հաղթանակ» դաշինքով, որը գլխավորելու է Էջմիածին համայնքի «Էջմիածին» դաշինքը (ՀՅԴ+ «Համերաշխություն») գլխավորող Սևակ Խաչատրյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը Civic.am-ին հայտնեց, որ դաշինքի կազմում լինելու է նաև «Առաջ Աջակենտրոն» կուսակցությունը, որը ձևավորվել է նախորդ տարի՝ 2024-ի հոկտեմբերի այս օրերին։ Այդ կուսակցության ղեկավարը, ի դեպ, հենց Սևակ Խաչատրյանն է։ Սևակ Սասունիչը, ինչպես մամուլն է գրել, Ռոբերտ Սեդրակիչի որդու ընկերն է, նախկինում էլ եղել է Սերժ Ազատիչի գլխավորած ՀՀԿ-ի անդամ, այժմ, փաստորեն, սեփական կուսակցությունն ունի, որի անդամներից են մասնավորապես Քոչարյանի թիմակիցներ Նարեկ Մանթաշյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հետաքրքիր է՝ ՀՅԴ-ի պես սկզբունքային կուսակցության համար, թող ներվի ասել՝ «զապոդլո» չէ՞, որ իր ցուցակը գլխավորի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության երբեմնի խորհրդի անդամը, Երիտասարդական խորհրդարանի «Հանրապետական» խմբակցության երբեմնի ղեկավարը, 2014 թ. մայիսի 24-ին էլ ՀՀԿ խորհրդի անդամ ընտրված Սևակ Խաչատրյանը։ Նշենք, որ պարոն Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ տարիներ առաջ, երբ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՊՏՀ-ում՝ Երևանի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, և ուսխորհուրդը՝ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, գրոհել էր արարողությունը լուսաբանող լրագրողների վրա՝ դրսևորելով լկտի վարքագիծ, ընդհուպ հայհոյանքներ էին հնչել: Ուսխորհուրդն այս կերպ փորձել էր «պաշտպանել» իր առաջնորդ Տարոն Մարգարյանին լրագրողների տեսախցիկներից, որպեսզի վերջիններս ականատես չկարողանան լինել Մարգարյանի կողմից ատենախոսության պաշտպանությանը։ Աղմկահարույց միջադեպից հետո Տարոն Մարգարյանի «զինվորները» ստացան «սաքուլիկներ» մականունը, քանի որ նրանցից մեկը հայտարարել էր՝ «Սաքուլիկ, կիլդիմ չբռնես»: Ի դեպ, Մարգարյանի ատենախոսության՝ բարով-խերով պաշտպանությունից որոշ ժամանակ անց Սևակ Խաչատրյանը նշանակվեց հիշյալ բուհի պրոռեկտոր, իսկ 2018 թվականի նոյեմբերին ազատվեց պաշտոնից՝ հրաժեշտի նամակ հղելով. «Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: ...Ժողն ինձ տվել է ամենակարևորը. Ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես Ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից․․․»:
Քոչարյանական ԶԼՄ-ներից մեկին օրերս Խաչատրյանը տեսախցիկի առաջ փորձում էր ոչ
թե «սաքուլիկավարի» «կիլդիմ բռնել», այլ հոխորտալ, թե՝ «որքան էլ իշխանությունները փորձեն վախի մեջ պահել վաղարշապատցուն, ճնշել, որ մեր թիմին
որևէ մեկը չմիանա, մենք վստահաբար գնում ենք բացարձակ հաղթանակի»: Փաստորեն,
«Սաքուլիկը» 2018-ին ձև էր անում, որ սովորել է սուտն ու ճիշտը իրարից զանազանել, այլապես
նման զավեշտալի ստեր՝ ճնշելու մասին, չէր մոգոնի։ Խաչատրյանի
մասնակցությամբ այս տեսանյութն, ի դեպ, Ֆեյսբուքում «լայքել» ու «դուխավորել» է նաև
Քոչարյանի կրտսեր որդի Լևոնը։
Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, Վաղարշապատում
իշխանությունը վերցնելու համար կպայքարի միջնորդավորված, բայց՝ անհաջող թեկնածուով, որը
հերիք չէ՝ նախկին «սերժական» է, նաև իր քաղաքական
կենսագրության արդյունքում ձեռք է բերել այդպես էլ չմոռացվող ծաղրա-ստորացուցիչ
մականուն։ Ճաշակի հարց է, ինչ արած։
Հ. Մ.