Չեռնոգորիայի ոստիկանությունը հոկտեմբերի 9-ի առավոտյան Ռիսան քաղաքում ձերբակալել է ռուսական ռազմականամետ «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկին, նրա կնոջը՝ Վալերիա Զվինչուկին, և ևս երեք անձի։ Այս մասին հայտնում են Չեռնոգորիայի «Պոբյեդա» և «Վրեմյե» լրատվամիջոցները։ Գործողությանը մասնակցել է նաև երկրի Ազգային անվտանգության գործակալությունը։
«Рыбарь»-ը հաստատել է Զվինչուկի ձերբակալությունը՝ պնդելով, որ խմբի անդամները երկրում գտնվել են օրինական հիմքերով և ծրագրել էին նկարահանումներ իրականացնել Ցետինյեի վանքում։
Ռուսական Baza-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում եղել են նաև Չեռնոգորիայի եվրոպական ինտեգրման մասին վավերագրական ֆիլմ նկարահանող խմբի անդամներ։ Իրավապահները առգրավել են տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։ Գործի առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել ազգային անվտանգությանը սպառնալու կասկածանքով։
Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարել է, որ հիբրիդային ազդեցության և երկրի ապակայունացման փորձերը չեն կարող շեղել երկիրը եվրոպական ուղուց՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել կոնկրետ գործը։
Միխայիլ Զվինչուկը գտնվում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ներքո։ Արևմտյան իշխանությունները «Рыбарь»-ին մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու, ռուսական պետական քարոզչությանը նպաստելու և եվրոպական ընտրություններին միջամտելու մեջ։
Բրիտանական իշխանությունների պնդմամբ՝ «Рыбарь»-ը միջամտել է նաև Մոլդովայի և Հայաստանի ընտրական գործընթացներին։
Նախագծի ռուսալեզու Telegram ալիքն ունի ավելի քան 1,5 միլիոն բաժանորդ, իսկ անգլալեզու ալիքը՝ շուրջ 80 հազար։