Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերում Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գերմանացի լրագրող Պաուլ Ռոնցհայմերին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին համարում է հակամարտության կողմ և նրանց դեմ կիրառում է հիբրիդային մեթոդներ։
«Ռուսաստանը ամբողջ ՆԱՏՕ-ն համարում է հակամարտության կողմ և նույնիսկ բոլորիս հայտարարում է օրինական թիրախներ։ Այժմ նա մեր դեմ գործում է ոչ թե սովորական ռազմական միջոցներով, այլ հիբրիդային մեթոդներով՝ կիբեռհարձակումների և այլ եղանակների միջոցով»,- հայտարարել է Պետր Պավելը։
Չեխիայի նախագահը նշել է, որ բանակցություններ սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ է հասնել ընդհանուր համաձայնության՝ քննարկումներին կողմերի պատրաստակամության վերաբերյալ։
Պավելը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ առնվազն վեց անգամ առաջարկել է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության միջև։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին հանդես է եկել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ՝ առանց Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցության։