ԱՄՆ-ը պատրաստվում է Ռուսաստանում «հինգերորդ շարասյուն» ստեղծել ու միջամտել ՌԴ նախագահական ընտրություններին․ Սերգեյ Նարիշկին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է միջամտել ՌԴ նախագահական ընտրություններին և «խաթարել իրավիճակը երկրում» այն ռուսների օգնությամբ, որոնք մասնակցել են ամերիկյան փոխանակման ուսուցման ծրագրերին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՀԾ մամուլի ծառայությանը։

«Քանի որ մոտենում են ՌԴ նախագահական ընտրությունները, ԱՄՆ կառավարությունը ավելի ու ավելի բարդ ուղիներ է հորինում ժողովրդավարական ընթացակարգերին անօրինական միջամտելու համար: Այսպիսով, Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել աշխատանքը ռուսաստանցիների հետ, որոնք ավարտել են ամերիկյան փոխանակման ծրագրերը»,- ասել է Նարիշկինը։

Ծառայության ղեկավարը հավելել է, որ, ըստ Պետդեպարտամենտի գնահատականների, շուրջ 80 հազար ռուսաստանցիներ անցել են կրթական և մշակութային փոխանակման ծրագրեր։ «Պատշաճ մշակմամբ», ինչպես կարծում են ամերիկացիները, նրանք ի վիճակի են փոխարինել ոչ համակարգային ընդդիմությանը, որը զանգվածաբար փախել է Արևմուտք և դառնալ հինգերորդ շարասյան առանցքային տարրը», - ասել է Նարիշկինը:

Բացի այդ, ԱՀԾ-ն կարծում է, որ ԱՄՆ-ը, իբր, մտադիր է նաև փոխանակման ծրագրերին մասնակցած ռուսներին օգտագործել՝ «Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշման նոր մեխանիզմներ պատրաստելու» և «Ռուսաստանի իշխանությունների դեմ քաղաքական պայքարին» մասնակցելու համար։

«Նմանատիպ աշխատանքների ծրագիր արդեն իսկ պատրաստվում է։ Նախատեսվում է դասընթացներ անցկացնել հարևան երկրներում։ Հիմնական շեշտը դրվելու է մասնակիցներին ազգամիջյան և սոցիալական ատելություն հրահրելու, ընտրություններին միջամտելու և սոցիալական ցանցերում Ռուսաստանի ղեկավարությանը վարկաբեկելու մեթոդների ուսուցման վրա»,- ասվում է ԱՀԾ-ի հայտարարության մեջ։

Ծառայության ղեկավարը հայտնել է, որ, ենթադրաբար, փետրվարի 16-ից 18-ը Ռիգայում կանցկացվեն առաջին սեմինարները՝ ամերիկյան հետախուզության սպաների մասնակցությամբ։ Նարիշկինը հավելել է, որ «ռուսական հետախուզական ծառայությունների համար դժվար չի լինի պարզել լսարանի կազմը»։

Անահիտ Խաչատրյան