Նոր պատերա՞զմ. ԱՄՆ-ն ու Բրիտանիան հարվածել են Եմենին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (Իրանի կողմից աջակցություն ստացող հուսիթներ) շարժման 16 օբյեկտների ավելի քան 60 թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ամերիկյան ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Իրանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից իրականացված հարվածը «կամայական է, ինչպես նաև Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Վաշինգտոնի և Լոնդոնի նման գործողությունները «միայն կհանգեցնեն տարածաշրջանում անկայունության ուժեղացման»։ 

ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգները Եմենում հուսիթների դիրքերի վրա հարձակման թիրախներ ընտրելիս փորձել է նվազագույնի հասցնել զուգընթաց վնասների ռիսկը, այդ թվում՝ խաղաղ բնակչության համար։ Նա պարզաբանել է, որ զինվորականները դեռ պետք է մանրամասն գնահատեն, թե որքանով է բարեհաջող եղել հասցված հարվածը, ինչպես նաև պարզել, թե արդյոք պատճառվե՞լ է զուգահեռ վնաս:
«Մենք ոչ մի դեպքում չենք թիրախավորել քաղաքացիական բնակչության կենտրոնները»,- ասել է ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ հարվածներն իրականացվել են «բարձր ճշգրտության զենքերով կոնկրետ թիրախների ուղղությամբ՝ կոնկրետ վայրերում»։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կարծում է, որ Եմենում հուսիթների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները վաղուց էին հասունացել։ «Բրիտանական և ամերիկյան ուժերի այս գործողությունները վաղուց էին հասունացել»,- ասել է Ջոնսոնը՝ հույս հայտնելով, որ հուսիթների դիրքերին հարվածելը կնշանակի «Իրանի և նրա պրոքսի-ուժերի նկատմամբ Բայդենի վարչակազմի մոտեցման փոփոխություն»։

«Նրանք պետք է հասկանան, որ բարձր գին են վճարելու գլոբալ ահաբեկչության և ԱՄՆ ԶՈՒ-ի ու առևտրական նավերի վրա հարձակումների համար։ Ամերիկան միշտ պետք է ուժ ցուցադրի, հատկապես նման վտանգավոր ժամանակներում»,- եզրափակել է օրենսդիրը, որը ԱՄՆ պետական հիերարխիայում զբաղեցնում է նշանակությամբ երրորդ պաշտոնը։