Արմեն Աշոտյանն ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, և համապատասխան հոդվածով արգելվել է ՀՀ-ից նրա բացակայելը․ Քննչական կոմիտե
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով), (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) պաշտոնեական դիրքն օգտագործելով և հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգքրի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով) (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Այդ մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Հարցին, որ նրան պաշտպանողները մեղադրում են պատկան մարմիններին այն բանի համար, որ Աշոտյանին առանց դատավարական կարգավիճակ ունենալու արգելել են բացակայել երկրից, մեզ պատասխանեցին, որ Արմեն Աշոտյանն ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի հիմքով (բացակայելու արգելքը) արգելվել է Հայաստանի Հանրապետությունից նրա բացակայելը: