Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների ղեկավարները նշել են, որ ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան ուղղված է սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարմանը։
Պուտինն ու Փեզեշքիանը անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ սահմանադրական կարգը և երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում։ Նրանք ընդգծել են Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը։
Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի միջև 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։