Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է երկրի նախագահի ընտրությունների ընթացակարգը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընտրողների կոլեգիան առաջին անգամ ոչ ուղիղ ճանապարհով ընտրելու է Վրաստանի վեցերորդ նախագահին, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։


Կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Կավելաշվիլուն։


Ընտրության ընթացակարգը տեղի է ունենում Խորհրդարանի պալատում, այն սկսվել է տեղի ժամանակով ժամը 09.00-ին եւ կշարունակվի մինչեւ ժամը 14.00-ն։


Օրենսդրության համաձայն՝ ընտրությունների անցկացման համար բավական է ընտրող կոլեգիայի լրիվ կազմի մեծ մասի ներկայությունը՝ 151-ից ոչ պակաս, իսկ նախագահի ընտրության համար անհրաժեշտ են կոլեգիայի անդամների ոչ պակաս, քան 200 ձայներ։


Ընտրողների կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնը կզբաղեցնի հինգ տարով։


Ինչ վերաբերում է ընտրողների կոլեգիային, այն բաղկացած է 300 անդամից։ Կոլեգիայի կազմում են խորհրդարանի 150 անդամները, Աջարիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի բոլոր անդամները՝ 21 պատգամավոր, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի 20 անդամները եւ սաքրեբուլոյի 109 անդամները։


Տեղական ինքնակառավարման մարմինների 109 անդամներից «Վրացական երազանքը» պետք է ներկայացներ 54 անդամ, ութ ընդդիմադիր կուսակցություններից՝ 55։ Կապված այն բանի հետ, որ ընդդիմությունը չի նշանակել անդամների ընտրողների կոլեգիայում, ապա այդ տեղերը լրացրել է կառավարող կուսակցությունը, ուստի «Վրացական երազանքը» 211 անդամ ունի կոլեգիայում։


Նրանցից 89-ը խորհրդարանի պատգամավոր է, 13-ը՝ Աջարիայի Գերագույն խորհրդից, 109 անդամ խորհուրդներից։


Նախագահի ոչ ուղիղ ընտրությունները իրականացնում է Վրաստանի ԿԸՀ-ն։ Այսօր ԿԸՀ-ն կամփոփի արդյունքները անմիջապես խորհրդարանի քվեարկությունից հետո։


Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել էր, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները։


 Նա դեկտեմբերի 14-ի նախագահական ընտրություններն անվանել է «պարոդիա»։


Զուրաբիշվիլին հայտնել է, որ կմնա նախագահ, մինչեւ որ երկրում տեղի կունենան նոր ընտրություններ՝ դեմոկրատական չափորոշիչների պահպանմամբ։