Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի պլանների մասին ԶԼՄ-ների լուրերը քաղաքական շահարկումներ են։
«Կարճ ասած՝ պետք չէ: Եթե փոքր-ինչ ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով այն, որ ժամանակ առ ժամանակ նման
տեղեկություններ են հայտնվում որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա
կարիքը չկա»,- ասել է Ալիևը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն
Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Նա տեղեկատվական կեղծիք է
անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին լուրերը, քանի որ այսօր գործնականում անհնար է
որևէ ռազմաբազա թաքցնել աշխարհի որևէ կետում։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային
հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը նախատեսում է
փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում, հիշեցրել է նա։
«Ե՛վ
Ադրբեջանի, և՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքերում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի հետ: Ուստի հռչակագրի այդ կետը, ըստ էության, բացարձակ ավելորդ է դարձնում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը այս կամ այն տարածքում»,- պարզաբանել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նշել է, որ երկրների ավելի քան 30 տարվա
ռազմական համագործակցության ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ
դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակությունը բարձր
ստանդարտների հասցնելու, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության
և ռազմական հետախուզության պոտենցիալի գործում։ Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի
շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների արդյունավետության բարձր աստիճանի»։