Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի հարազատների հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Շեշտվում է, որ Իրանի նախագահը հանդիպումն իրականացրել է Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին (խմբ․ կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին)։ Նա երախտագիտություն է հայտնել ընտանիքի անդամներին իրենց համբերության ու տոկունության համար, շնորհակալագրեր հանձնել։

«Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական հպարտության ու պատվի առարկան»,- նշված է շնորհակալագրում։