Ալիևը մեծ հույսեր է կապում Թրամփի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մեծ հույսեր է կապել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նշել դեմոկրատ նախագահ Բայդենի վարչակազմի սխալները և իր կարծիքն է հայտնել առ այն, թե զարգացման  ինչպիսի հեռանկարներ կունենան ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները Թրամփի օրոք:  


«Թրամփն իշխանության է գալիս բոլորովին նոր օրակարգով, և նրա առաջին կադենցիայի ժամանակաընթացքում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի խնդիր չի եղել։ Ընդհակառակը, հարաբերությունները շատ դրական են եղել, և շատ ոլորտներում մեզ հաջողվել է առաջընթաց գրանցել»,- հայտարարել է Ալիևը:


Նա անդրադարձել է նաև Բայդենի վարչակազմի «սխալներին» և նշել, որ ԱՄՆ դեմոկրատ նախագահը ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները «զոհաբերեց» հայ-ամերիկյան հարաբերություններին. «Այսինքն՝ Բայդենը Ադրբեջանին մոտեցավ հայ-ադրբեջանական կամ ամերիկա-հայկական հարաբերությունների պրիզմայով, և մինչ այդ ձեռք բերված լավ արդյունքները ստվերվեցին»։  


Նրա խոսքով՝ Բայդենը ցուցաբերել է «երկակի ստանդարտներ»: «Նա անարդար դիրքորոշում է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, հատկապես Ղարաբաղի հարցում, և դա անարդար դիրքորոշում էր՝ հիմնված երկակի ստանդարտների վրա։ Որովհետև ես բազմիցս և բացեիբաց հայտարարել եմ ամերիկյան ներկայացուցիչներին և մամուլում, որ դուք երկու ձեռքով պաշտպանում եք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մատակարարում եք զենք և միլիարդներ։ Բայց մենք էլ վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ եք ուզում մեզ պատժել։ Պատասխանեք: Պատասխան չի եղել։ Պատասխանն ակնհայտ է՝ սրանք երկակի ստանդարտներ են»,- հայտարարել է Ալիևը։