ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի որևէ հնարավորություն ռազմական ճանապարհով հաղթելու Իսրայելին, ուստի կողմերը պետք է անցնեն բանակցությունների։ Այս մասին նա ասել է G7 գագաթնաժողովից առաջ Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հետ հանդիպման ժամանակ։
«Սա ցավոտ է երկու կողմերի համար։ Կասեի՝ Իրանը չի հաղթում այս պատերազմում։ Նրանք պետք է սկսեն բանակցություններ՝ և դա անեն անհապաղ», — ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով, սակայն նման նախաձեռնությամբ պետք է հանդես գար ավելի վաղ։ Նա նշել է, որ արդեն անցել են այն 60 օրերը, որոնք Իրանին տրվել էին միջուկային համաձայնագիր կնքելու համար։ Նախագահը կոչ է արել Թեհրանին անհապաղ մտածել համաձայնագրի ստորագրման մասին, քանի դեռ ուշ չէ։
Լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը կմիանա հակամարտությանը, Թրամփը պատասխանել է . «Չեմ ցանկանում այդ մասին խոսել»։
Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիր, որը կսահմանափակի միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, սակայն Իրանը ցանկանում է պահպանել խաղաղ ատոմային էներգիայի զարգացման իրավունքը։ Իրանի ղեկավարությունը նաև կոչ է արել ԱՄՆ-ին զսպել Իսրայելին, հակառակ դեպքում իրանական զինված ուժերը կդիմեն ավելի կոշտ պատասխան քայլերի։