«Ծայրահեղ տարբերակ». Թրամփը՝ Իրանում ԱՄՆ ցամաքային զորքեր օգտագործելու հնարավորության մասին

Վաշինգտոնը Իրանում ամերիկյան ցամաքային զորքեր օգտագործելը համարում է Իրանա-իսրայելական հակամարտությանը ԱՄՆ-ի մասնակցության ամենաքիչ նախընտրելի տարբերակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Ես չեմ խոսի ցամաքային ուժերի մասին։ Ցամաքային ուժերն այն վերջին բանն են, որ մարդ կցանկանա օգտագործել։ Դա ծայրահեղ տարբերակ է», - ասել է Թրամփը հունիսի 20-ի ուրբաթ օրը՝ պատասխանելով լրագրողների հարցին Իրանում ԱՄՆ ուժերով ցամաքային օպերացիա իրականացնելու հնարավորության մասին։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը դեռևս որոշում չի կայացրել Իրանի հետ հակամարտությանը ԱՄՆ-ի ուղղակի մասնակցության վերաբերյալ։ «Միգուցե այո, միգուցե ոչ», - նա պատասխանել էր լրագրողների հարցին՝ արդյոք Ամերիկան հարվածելու է Իրանի միջուկային օբյեկտներին։


Նախօրեին ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է միջամտել Իրանի և Իսրայելի պատերազմին և կիրառել 30 հազար ֆունտանոց բունկերային ռումբը՝ աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբը։