Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Պաշտոնական
18:19, 03 август 2021
Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ
և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը
հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ
Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև
Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել
իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի
ունեցող շինծու դատավարությունները:

Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը:
Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի
երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես
այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման
առաջարկությունը:

Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր
գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու
քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող
երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային
գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում: