Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ողջունում ենք Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո. Չեխիայի ԱԳ նախարար․ Տեսանյութ

«Հայաստանը շատ կարևոր երկիր է Չեխիայի Հանրապետության համար, երկկողմայի հարաբերությունները սերտ և բարեկամական են»,- իր ելույթում ասաց Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը:

Նա նշեց, որ Չեխիան գնահատում է Հայաստանում իրականացված առաջընթացը՝ կապված ժողովրդավարության և հակակոռուպցիոն ջանքերի հետ. «Հունիսի 20-ին անցկացված ժողովրդավարական ընտրությունները հնարավորություն են ընձեռում շարունակելու երկկողմ հարաբերությունները Եվրոպայի հետ»:

Չեխիայի արտգործնախարարը նկատեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ պատիվ է ունեցել բացելու չեխ-հայկական համաժողովը. «Միջկառավարական հանձնաժողովի 5-րդ հանդիպումը տեղի կունենա Երևանում հաջորդ ամիս՝ 3 տարվա ընդմիջումից հետո: Մենք գնահատում ենք Հայաստանի հանձնառությունը Եվրոպական գործընկերությանը և ուզում ենք վերահաստատել, որ Հայաստանը չի մոռացվի, չի անտեսվի»:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Յակուբ Կուլհանեկը իր ցավակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին և ընդգծեց, որ իրենք պատրաստ են հոգեբանական օգնություն ցույց տալու նրանց, ովքեր մասնակցել են այդ հակամարտությանը. «Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացին՝ հասնելու խաղաղ կարգավորմանը: Մենք ողջունում ենք Նյու Յորքում տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: