Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ գնումները համակարգում է ՊՆ-ն. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Այսօր Կառավարությունն իր հերթական նիստին հավանության արժանացավ պաշտպանության նախարարության որոշման նախագւծը, ըստ որի՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի,  ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ: 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում»,-հայտնեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով այս նախագծին ընդգծեց՝ երկու կարևոր դրույթներ կան այստեղ.«Առաջինը, որ ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Երկրորդ, որ գնումների ամբողջ համակարգը իրականացնում է ՊՆ-ն, ոչ թե ԳՇ-ն»:

Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ խոսքը միայն գնման գործընթացի մեջ չէ, այլև նաև՝ դրա ապահովմանը.«Պարզ լեզվով կարող ենք նշել՝ ԳՇ-ն պետք է զբաղվի միայն այն գործով, որը վերապհված է իրեն. պաշտպանել ՀՀ-ի սահմանները, զբաղվել մարտական պատրաստվածությամբ»: