Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության լիազորությունները պաշտպանության ոլորտում կվերանայվեն. Պաշտպանության նախարարությունը օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել

Կառավարության լիազորությունները պաշտպանության ոլորտում կվերանայվեն.  Պաշտպանության նախարարությունը օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել
Հասարակություն
13:54, 23 февраль 2022
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Պաշտպանության մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։  Կից ներկայացված հիմնավորումից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում  համապետական մակարդակում պաշտպանական ոլորտի ռազմավարական պլանավորման հստակ ալգորիթմ չկա, և օրենսդրորեն կարգավորված չէ ռազմավարությունների, պլանների և ծրագրերի մշակման հաջորդականությունը՝ ոչ ժամանակային և ոչ էլ ենթակայության առումով: Այդ առումով ՀՀ անվտանգության խորհրդի՝ որպես պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանող սահմանադրական մարմնի գործունեության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպանության մասին» օրենքում ընդլայնել խորհրդին վերապահված ռազմավարությունների, պլանների և ծրագրերի հաստատման իրավասությունը՝ դրանք ընդգրկելով մեկ միասնական ՀՀ պաշտպանության պլանում, պաշտպանության ոլորտում հստակեցնել Կառավարության լիազորությունները։  

Որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի համապատասխան պարբերությունների և կետերի կատարման հետ։ 

Նախագծով առաջարկվում է մասնավորապես  «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի  օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝
  1. պլանավորում է պաշտպանական ծախսերը և ապահովում դրանց ֆինանսավորումը.  
  2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.
  3. րենքով սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն.
  4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.
  5. ծրագրում և ապահովում է ռազմական ուսուցման ու ռազմական գիտության զարգացումը.
  6. առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին՝ պաշտպանության ոլորտի միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ։  
Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/4038/about: