Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկվա իմ հայտարարությունը՝ ԼՂ քաղաքացիական բնակչության անվտանգության մասին, այդ պահի համար էր. կրկնում եմ՝ իրադրությունը դինամիկ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կառավարության հերթական նիստում անդրադարձավ նաև ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմին և կարևորեց պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը:

Նա պարզաբանեց նաև երեկվա իր հայտարարությունը ԼՂ-ում քաղաքացիական բնակչության կյանքի սպառնալիքի վերաբերյալ և ընդգծեց. «Երեկ երեկոյան իմ գնահատականն այն էր, և այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ դրական իմաստով բարելավվել է, որ ԼՂ քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին ուղիղ սպառնալիք չկա: Սակայն կրկնում եմ՝ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել: Ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություն անելու հնարավորություն տալիս են: Սակայն սա նաև չի նշանակում, որ որևէ տեղում որևէ միջադեպ չի կարող տեղի ունենալ»:

Վարչապետը կարևորեց նաև լրատվական դաշտի հետ համագործակցությունը, որպեսզի մարդիկ ճիշտ տեղեկատվություն ստանան: «Այս էմոցիոնալ իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ իրադրության վրա, ընդ որում նաև որոշումների կայացման վրա»,- հավելեց նա:

Վարչապետը նշեց, որ երեկվա իր բոլոր ասածներն այսօր կարող է վերահաստատել: