Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատասխանատվությունը ՌԴ-ի վրա գցելո՞ւ, թե՞ «մտրակի և բլիթի» քաղաքականություն

Պատասխանատվությունը ՌԴ-ի վրա գցելո՞ւ, թե՞ «մտրակի և բլիթի» քաղաքականություն
Քաղաքականություն
18:27, 16 ноябрь 2023
Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում, երեկ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է՝ «կողմերը պետք է այո կամ ոչ ասեն»։ Նա նաև ասել է, որ դիվանագիտությանը զուգահեռ Միացյալ Նահանգները նաև մտրակի քաղաքականություն է բանեցնում Ադրբեջանի հանդեպ։

Ինչո՞ւ է կոշտացել ԱՄՆ հռետորաբանությունը Բաքվի նկատմամբ, և ինչ կարելի է սպասել առաջիկայում։ 

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը սա բացատրում է ԱՄՆ նախընտրական շրջանով։ «Միացյալ Նահանգները թևակոխում է նախընտրական պայքարի փուլ, և էս ներքին հռետորաբանությունը, իսկ Կոնգրեսի լսումները առավելապես ներքին սպառման տրամաբանություն ունեն, ներքին սպառում ասելով՝ նկատի չունեմ զուտ ամերիկյան ընթերցողի կամ ընտրողի ականջի համար, այլ՝ ներքին հարաբերությունների տրամաբանություն պարունակող գործընթաց են, և Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարությունները պետք է դիտարկել էդ համատեքստում՝ այդ թվում արտաքին թեմաների վերաբերյալ հայտարարությունները»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Քաղաքագետը նշում է, որ պետքարտուղարի օգնականը Կոնգրեսում այլ հռետորաբանություն է կիրառել, այլ հարթակներում՝ այլ, և Կոնգրեսի հայտարարությունները պետք է դիտարկել նախընտրական տրամաբանությամբ՝ Հանրապետականների և Դեմոկրատների միջև ներքին հարաբերությունների տրամաբանությամբ։ Բադալյանը հիշեցրեց Միացյալ Նահանգների կոշտ հայտարարությունները Լաչինի միջանցքը բացելու հետ կապված, որոնք որևէ հետևանք չունեցան։ Ավելին՝ Ադրբեջանը գնաց էթնիկ զտումների, որը նույնպես դեռ հետևանք չի ունեցել, իսկ ԱՄՆ-ն դա անգամ որպես էթնիկ զտում չի որակել։

Իսկ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ ԱՄՆ հռետորաբանության կոշտացումը կապված է Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորման և գործընթացները ռուսական դաշտ տանելու հետ։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարության արձագանքին, որով վերջինս Միացյալ Նահանգներին մեղադրել էր միակողմանիության մեջ և հրաժարվել մասնակցել նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպումից, միաժամանակ զգուշացրել, որ Վաշինգտոնը այսպիսով կարող է կորցնել միջնորդի իր դերը, Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց Սադամ Հուսեյնի ճակատագիրը. «Ադրբեջանը դարձել էր արևմտյան երկրների «կամակոր, սիրելի երեխան», և Ալիևին թվում է, թե կարող է հոխորտանքով թեման սպառել և իր դուռը բերել բոլորին։ Բայց նման երկրների համար տխուր է ավարտվում ինչ-որ իքս պահից։ Հիշում ենք՝ Սադամն էլ էր ժամանակին սիրելի, Քադաֆին էլ, բայց ի՞նչ եղավ»։

Հաշվի առնելով Բաքվի արձագանքը՝ արդյոք կարելի՞ է ասել, որ Ադրբեջանը «ոչ» ասաց Օ՛Բրայանին։ Ըստ Մեհրաբյանի՝ պետք չէ շտապել, նա վերջնական չի համարում Ադրբեջանի պատասխանը։ 

Հակոբ Բադալյանն էլ հարցնում է՝ ո՞րն է մտրակը և ո՞րն է մտրակի արդյունքը, և հիշեցնում 2023 թվականի հունվարին Բլինքենի հայտարարությունը, որով վերջինս հորդորել էր Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։

Քաղաքագետը մեկ այլ վարկած ևս ունի։ Իսկ գուցե ԱՄՆ այսօրինակ հայտարարությունների նպատակը ոչ թե Բաքվի վրա ճնշումներ գործադրելն է, այլ Բաքվին հնարավորություն տալը խուսափելու վաշինգտոնյան հարթակում բանակցություններից։ «Հարց է առաջանում՝ Բաքվի այս պատասխանից հետո ԱՄՆ-ն ի՞նչ է անելու։ Եթե Ալիևին «բերման կենթարկեն» Վաշինգտոն և կբերեն հավասարակշռված խաղաղության պայմանագրի դաշտ, ոչ թե Ալիևի պայմաններն արտացոլող պայմանագրի, ապա կտեսնենք, որ իսկապես ինչ-որ մտրակ է աշխատել։ Հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ գուցե իրենց խնդիրը ամենևին էլ էդ դաշտ բերելը չէ։ Իրենք տեսնում են, որ դա հնարավոր չէ, տեսնում են, որ չկա պայմանավորվելու և խաղաղության քննարկում ծավալելու միջավայրը, տեսնում են, որ հնարավոր չէ Ադրբեջանին բերել այդ դաշտ, և փորձում են խաղից դուրս գալ՝ դեմքը պահելով»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Ըստ Բադալյանի՝ ԱՄՆ այս հայտարարությունը կարող է փորձ լինել պատասխանատվությունը Ռուսաստանի վրա ուղղելու նպատակով՝ ինչպես դա արել է Ռուսաստանը, երբ որևէ կերպ չի խանգարել Հայաստանին արևմտյան հարթակներում աշխատանքներ տանել ու այդ կերպ խաղաղության համար պատասխանատվությունը տեղափոխել արևմտյան դաշտ՝ հասկանալով, որ այդ խաղաղությանը հասնելը  չափազանց բարդ խնդիր է։

«Այնքան բարդ և բազմաբևեռ է խաղը, որ չկա մեկը, որ կկարողանա ազդել Ադրբեջանի վրա և կբերի խաղաղության պայմանագիր ստորագրել տալու»,- ասաց Հակոբ Բադալյանն ու հավելեց, որ չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ն այս կերպ փորձում է խնդիրը տեղափոխել ՌԴ պատասխանատվության դաշտ։ «Եթե պարզ ձևակերպենք, այսպես՝ թող  Ռուսաստանը դառնա գլխավոր ձախողվողը»,- ասաց Բադալյանը։

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա դա նշանակում է, որ այդպիսով հրաժարվում է ճանաչել Հայաստանի 1991թ. տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով նմանվելով Ռուսաստանի Դաշնությանը։ Սրան, ըստ քաղաքագետի, կարող են հետևել ամերիկյան տնտեսական պատժամիջոցները։ Միաժամանակ, Մեհրաբյանը նկատում է՝ Ադրբեջանի՝ առանց նավթային ռեսուրսների տնտեսությունը ավելի փոքր է, քան Հայաստանի տնտեսությունը։ 

Դիտարկմանը, թե Արևմուտքը նոր պայմանագրեր է կնքում Ադրբեջանի հետ էներգետիկ և այլ ոլորտներում, Մեհրաբյանը նկատեց, որ խոսքը Եվրոպայի մասին է, ոչ թե Ամերիկայի։ «Սա մտրակի և բլիթի համակցված քաղաքականություն է»,- ասաց Մեհրաբյանը։ 

Հաշվի առնելով, որ արևմտյան հարթակները բոյկոտում է Ալիևը, իսկ ռուսականին չի մասնակցում հայկական կողմը, Հակոբ Բադալյանը նշում է, որ այսպիսով բանակցությունները մտնում են փակուղի, իսկ դրա հետևանքներից մեկը կարող է լինել նոր էսկալացիան։
Մեհրաբյանը, սակայն,  էսկալացիայի վտանգ մոտ ժամանակներում չի տեսնում։

Վովա Հակոբյան