Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը․ ԱՄՆ դեսպանություն

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը․ ԱՄՆ դեսպանություն
Հասարակություն
13:58, 16 ноябрь 2023
Խաղաղության համաձայնագիրը և փաստերի վրա հիմնված ու մասնագիտական գործընթացի շրջանակում սահմանների դելիմիտացիայի ապահովումը կնպաստեն տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ դեսպան Քրիստինա Քվինը Տավուշի մարզում Եվրամիության դիտորդների հետ միասին մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը երեկ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշեց՝ «կողմերը պետք է այո, կամ ոչ ասեն», չհստակեցնելով, սակայն, երբ և որտեղ։

Թե կոնկրետ ինչ համաձայնություններ են սեղանին՝ պետքարտուղարի օգնականը չասաց, միայն ընդգծեց, որ Վաշինգտոնն ակտիվ կապերի մեջ է կողմերի հետ և դիվանագիտությանը զուգահեռ նաև մտրակի քաղաքականություն է բանեցնում Ադրբեջանի հանդեպ։

Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։

«Հայաստանը պատրաստակամ է և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - նշել է Գրիգորյանը:

Աղբյուր՝ azatutyun.am