Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Ալավերդիում երեկ տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստը. ՀԱԿ-ը ներկայացնող համայնքի ղեկավարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

«Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Ալավերդիում երեկ տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստը. ՀԱԿ-ը ներկայացնող համայնքի ղեկավարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից
Քաղաքականություն
11:09, 19 декабрь 2023
Երեկ, ինչպես հայտնել էինք, Ալավերդի համայնքի ավագանին  արտահեթ նիստ էր հրավիրել, որը կայացել է՝ նիստին ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամներն ու ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը։ «Ապրելու երկիր» խմբակցությունը, ինչպես Civic.am-ը տեղեկացավ ավագանու նիստի ձայնագրությունից,  երեկվա նիստին չի մասնակցել։ Համայնքի ղեկավարի առաջարկով ավագանու նիստի օրակարգից հանվել է 18-րդ հարցը, որը վերաբերում էր Արմեն Մալխասյանին Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելուն, և դրա փոխարեն ներառվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու հարցը։

Ավագանու  համաձայնությամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը՝ փոխարինելով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում  ավագանին հաստատել է  Արթուր Շախկուլյանի թեկնածությունը։  

Համայնքի ղեկավարը, հիշեցնենք, ունի մեկ առաջին տեղակալ և երկու տեղակալ։  Նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի օրոք  նշանակված համայնքի ղեկավարի նախկին երկու տեղակալները, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս  աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը երեկ ստորագրել է  նաև Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավարի ԺՊ Սամվել Թամազյանին զբաղեցրած պաշտոնից ազատվելու  մասին որոշում։ Սամվել Թամազյանը, նշենք, համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանի ազգականն է։  Համայնքի ղեկավարի որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Շնող համայնքի ղեկավար  Գարիկ Հոբոսյանը, որին այդ պաշտոնում համայնքի ղեկավարի որոշմամբ փոխարինում է Սամվել Մկրտումյանը։
 
Հիշեցնենք. դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքի նոր ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը, իսկ նախկին ղեկավար Արկադի Թամազյանը պաշտոնանկ արվեց՝ ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու միջոցով։ Արկադի Թամազյանն էլ իրեն անվստահություն հայտնելու և համայնքի նոր ղեկավար ընտրելու ավագանու որոշումը վիճարկում է վարչական դատարանում և պահանջում է անվավեր ճանաչել այն։

Հավելենք նաև, որ Ալավերդի համայնքի ավագանին հերթական նիստի օր է նշանակել դեկտեմբերի 26-ը։  

Հեղինե Մանուկյան