Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ադրբեջանը շարունակում է միջանցքի խոսակցությունը, ապա պետք է նշի, թե ՀՀ-ն ինչ պետք է ստանա, օրինակ, Թուրքիայով ելք դեպի ծով․ Արեգ Քոչինյան

Եթե Ադրբեջանը շարունակում է միջանցքի խոսակցությունը, ապա պետք է  նշի, թե ՀՀ-ն ինչ պետք է ստանա, օրինակ, Թուրքիայով ելք դեպի ծով․ Արեգ Քոչինյան
Քաղաքականություն
22:33, 17 январь 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն  դեռևս չեն կարողանում ստիպել Ադրբեջանի ղեկավարությանը նոր հանդիպում ունենալ հայկական կողմի հետ։ Այս թեմաների շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

-Պարոն  Քոչինյան, Արևմուտքից հայտարարություններին պատասխան չի հնչում, ինչպես նաև Արևմուտքը չի կարողանում ստիպել Ադրբեջանին գնալ բանակցությունների։  ԱՄՆ-ը տարեվերջին փորձում էր  արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, բայց չստացվեց։ Ինչո՞ւ, արդյոք բավարար ուժ չունի՞ հիմա դրա համար։

-Ես չեմ համարում, որ Արևմուտքը չունի բավարար ուժ։ Ավելի շատ իրավիճակը նման է նրան, որ այսօրվա միջազգային հարաբերությունների ու աշխարհաքաղաքական բարդ խնդիրների մեջ մեր տարածաշրջանը չի հանդիսանում առաջնահերթություն։

Այսինքն՝ հնարավոր բոլոր ռեսուրսների ծախսման տեսանկյունից շատ ավելի կարևոր տեղեր կան, քան մեր տարածաշրջանը։

-Ալիևը հայտարարում  է, որ եթե իր  կողմից հիշատակված երթուղին` Զանգեզուրի միջանցքը, չբացվի, ապա իրենք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ հատվածում: Արդյոք միջանցքը մեզ համար ընդհանրապես սակարկելի չէ, և փոխարենը մենք չե՞նք կարող նմանատիպ որևէ այլ միջանցք ունենալ։

-Կոնկրետ այդ հայտարարությունը ես քայլ առաջ եմ գնահատում, որովհետև, եթե հիշում եք, նախկինում Ալիևն ասում էր, որ եթե միջանցք չտանք, ապա ուժով կվերցնի։ Հիմա ուժային սպառնալիքներից անցել է տնտեսական սպառնալիքների, ինչը բավականին լուրջ առաջընթաց է։

Ինչ վերաբերում է միջանցքին, որը ներկայացնում է Ալիևը, ապա այն որևէ պարագայում չի կարող սակարկելի լինել, ասել է թե՝ բետոնապատ միջանցքը, որը հսկելու են ռուսները, որևէ պարագայում չեն ստանա։ Մնացած բոլոր առումներով ես կարծում եմ, որ  պետք է ձևավորվեն որոշակի տարբերակներ, որոնցում ՀՀ-ն կարող է ստանալ համարժեք որևէ բան։ Օրինակ՝ ՀՀ-ն եթե որոշակի արտոնություններով ճանապահ է տալիս Ադրբեջանին, ապա նույնպիսի արտոնություններով ճանապարհ էլ ՀՀ-ն կարող է ստանալ Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով։

 Եթե սա մեր գործընկերներին կարող է  հետաքրքրել, ապա կարող ենք այդ ուղղությամբ շոշափելի առաջընթաց ձեռք բերել։

-Ալիևն ասում է, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս է, և ադրբեջանական բեռները կամ մարդիկ Ադրբեջանից Ադրբեջան գնալու համար չպետք է ստուգվեն կամ մաքսատուրք վճարեն։ Ձեր նշած տարբերակում Հայաստանը Թուրքիայի միջով այլ պետություն է գնում, եթե կապվում է  Սև ծովի հետ։

-Իսկ մենք ո՞նց ենք իմանալու, թե, օրինակ, Ֆարհատը Ադրբեջանից Նախիջա՞ն է գնում, թե՞ Նախիջևանից ճանապարհը շարունակում է  դեպի Թուրքիա, որովհետև կա Ադրբեջան-Թուրքիա սահման։ Մենք դա չենք կարող իմանալ, և այն դրույթը, թե բեռները Ադրբեջանից տեղափոխվում են Նախիջևան, ինքը հրապարակախոսական դրույթ է, քան բովանդակային, որովհետև դա հնարավոր չէ վերահսկել։

 Հիշեցնեմ, որ այս ամենն սկսվել է Լաչինի միջանցքի ու Զանգեզուրի միջանցք նմանությունից։ Հիմա այդ թեման չկա ու ադրբեջանցիները, եթե շարունակում են միջանցքի խոսակցությունը, ապա պետք է  հստակ հարցի պատասխանեն, թե ՀՀ-ն ինչ պետք է ստանա։

-Կարո՞ղ ենք ասել, որ   միջանցքի հետ կապված բանակցությունները հիմա փակուղում են գտնվում։ Որովհետև կողմերին չի հաջողվում որևէ համաձայնության գալ։

-Այդ հարցին պատասխանելու համար պետք է բանակցային գործընթացներից տեղյակ լինել, որովհետև շատ հաճախ հայտարարությունները տարբերվում են բանակցություններից։ Ես կխուսափեի նման կատեգորիկ պնդում անելուց, որ փակուղում են բանակցությունները։ Բայց կան դժվարություններ և դանդաղում է գործընթացը։

-Եթե կողմերը չկարողանան պայմանավորվածության հասնել այս հարցի շուրջ, հնարավո՞ր եք համարում արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրում առանց կոմունիկացիաների բացման։

-Կարծում եմ, որ մեկը մեկին չի բացառում։ Կարծում եմ՝ պետք է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Եթե միմյանց առաջարկություններից հրաժարվում են կողմերը, ապա ամենատրամաբանական լուծումը խաղաղության խաչմերուկն է՝ բոլոր ճանապարհները բացվում են ու առանց հատուկ էլեմենտների ու հատուկ ճանապարհների բացվում են և ընթացքում էլ, եթե կլինի տնտեսական կապերի ակտիվացում, նաև փոխվստահություն, ապա միմյանց համար կարող ենք սահմանել մաքսային դյուրացումներ։
 
Իսկ եթե խաղաղության պայմանագիրը կնքվում է, բայց փակ են մնում սահմանները, ապա դա ամենավատ տարբերակն է Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի համար, որովհետև կոնֆլիկտը ինչ-որ չափով հանգուցալուծված կլինի, բայց երկրները իրար հետ կշարունակեն տնտեսական պատերազմի մեջ մնալ։ Փակ սահմանը տնտեսական պատերազմն է։
 
Դավիթ Լևոնյան