Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե չլինի ՀՀ-ն , ապա ժողովրդավարական աշխարհը բռնատիրությունների դեմ տանուլ կտա, որովհետև ՀՀ-ն վերահսկում է տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածք՝ Սյունիքը․ Գուրգեն Սիմոնյան

Եթե չլինի ՀՀ-ն , ապա ժողովրդավարական աշխարհը բռնատիրությունների դեմ տանուլ կտա, որովհետև ՀՀ-ն վերահսկում է տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածք՝ Սյունիքը․ Գուրգեն Սիմոնյան
Քաղաքականություն
21:26, 17 январь 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն  դեռևս չեն կարողանում ստիպել Ադրբեջանի ղեկավարությանը նոր հանդիպում ունենալ հայկական կողմի հետ։ Այս թեմաների շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի  հետ։
 
-Ալիևը հայտարարում  է, որ եթե իր  կողմից հիշատակված երթուղին` Զանգեզուրի միջանցքը, չբացվի, ապա իրենք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ հատվածում: Հնարավո՞ր եք համարում արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրում առանց կոմունիկացիաների բացման։

-Եթե ճանապարհների ապաշրջափակում չլինի, խաղաղության պայմանագրի իմաստը չեմ տեսնում։ Դա կբերի նոր իրավական խնդիրների։ Կանխակալ ռազմական խնդիրը լինելու է, մի հատ էլ իրավական խնդիր ստեղծե՞նք մեզ համար։ Իմաստը ո՞րն է։

-Օրինակ այդ դեպքում կարող ենք սահմանների անվտանգությունը պահել, իսկ ճանապարհները ուողղակի չեն բացվի։

-Չկա նման բան։ Խաղաղության կարևորագույն  նախապայմանը փոխշահավետ և  բազմամակարդակ   շփումների ապահովումն է։ Եթե խաղաղությունը որպես ռազմական ուժ չկիրառելու համար է ու հիմքեր չեն ստեղծվում փոխշահավետ հումանիտար շփումների, ապա մի օր այդ թուղթը բավարար չի լինի և անդորրը կխախտվի։

-Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցանկացած պարագայում միջանցք չպետք է տալ, և դա սակարկելի չէ։

-Իհարկե։ Տալ միջանցքը կնշանակի Հայաստանի Հանրապետության ավարտ։ 

-Բայց  հակառակ պարագայում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կշարունակենք մնալ շրջափակման մեջ։

-Դա նշանակում է, որ մենք մեր պայքարի ուղին կշարունակենք մինչև հարաբերական կայունության համատեքստում աշխարհաքաղաքական իրողությունը նպաստավոր կդառնա խաղաղության հաստատման համար։ Եթե չեն բացում, ապա թող չբացեն։ 30 տարի շրջափակման մեջ մեր հանրապետությունը գոյություն է ունեցել և եթե երեսունամյա մեր ապիկար իշխանությունները հավասարարժեք քաղաքականություն վարեին, ապա նման իրողություն չէր լինի։ Սահմանի փակ լինելը կաշկանդիչ բնույթ է կրում, բայց կործանիչ բնույթ չի կրում։ Իսկ եթե ՀՀ-ն միջանցք տա, ապա դա կործանիչ բնույթ կկրի։

-Ներկա պահին խաղաղության պայմանագրի կնքման ձգձգումը մեզ համար դրական է, թե՞ բացասական։ 

-Դա բացասական միտում ունեցող երևույթ է, որ խաղաղության պայմանագիրը ձգձգվում է, բայց ձգձգողը Ադրբեջանն է։ Ամեն դեպքում ավելի լավ է պայքարի ուղի ընտրել, քան կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրել։ 

-Հիմա ինչո՞ւ Արևմուտքը չի կարողանում ստիպել Ադրբեջանին գնալ բանակցությունների։  ԱՄՆ-ն տարեվերջին փորձում էր  արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, բայց չստացվեց, ինչո՞ւ։

-Որովհետև այդ երկիրը գտնվում է  բռնատիրական ազդեցության գոտում, ի դեմս Ռուսաստանի ու Թուրքիայի։ Հիմա ժողովրդավարական աշխարհը կարողանում է ստիպել Ադրբեջանին, որ ռազմական գործողություններ չսկսի, բայց այս պահին Արևմուտքը չունի բավարար ազդեցություն, որպեսզի Ադրբեջանին ստիպի Հայաստանի հետ հանդիպումները վերսկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ 
Հետևաբար այս ոսկյա ժամանակահատվածը ՀՀ-ն պետք է օգտագործի բացառապես մեկ խնդիր լուծելու համար՝ բարձրացնելու ՀՀ-ի պաշտպանունակությունը։ Ինչքան ՀՀ-ի պոտենցիալը մեծանա, այդքան խաղաղության հավանականությունը կբարձրանա։

-Կա՞  որևէ բան, որ ակնկալում է Արևմուտքը Հայաստանից և դրա փոխարեն կստիպի Ադրբեջանին գնալ խաղաղության կամ սանկցիաներ կկիրառի։  Կան քաղաքագետներ, որոնք պնդում են, որ ԱՄՆ-ն  իր ակնկալիքը չի ստանում ՀՀ-ից ու հետևաբար՝ Ադրբեջանին շատ բան չի պարտադրում։

-Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ ՀՀ-ին դիտարկում է ժողովրդավարական ընտանիքի անդամ և պոտենցիալ դաշնակից, իսկ Ադրբեջանին չեն ուզում մղել Ռուսաստանի գիրկը։ ԱՄՆ-ը գլխավոր գործընկերությունը ՀՀ-ի հետ է պատկերացնում և ակնկալում է,  որ Ադրբեջանը չի խոչընդոտի և մասը կկզամի  անվտանգային նոր համակարգի։  Հիմա Արևմուտքը մենակ մի բան է ակնկալում ՀՀ-ից, որ հանդես գանք ռազմավարական նախաձեռնություններով։ Բայց Հայաստանը մեկ ասում է ՀԱՊԿ-ն է  դուրս գալիս ՀՀ-ից, մեկ ասում է ԵՄ-ն ինչքան թույլ տա, այնքան կմերձանանք, բայց այդպես չի լինում։  Ռազմավարությունները պետք է  հստակ լինեն ու առաջ մղվեն։ 

-Եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գա և ԵԱՏՄ-ից դուրս գալու պրոցես սկսի՝ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը, Արևմուտքը մեզ տրվող ռազմատեխնիկական ու դիվանագիտական աջակցությունը շատ ավելի կմեծացնի՞։

-Իհարկե։ Մենք Արևմուտքի թշնամի ճամբարի մաս կազմելով արդեն զենք ենք ստանում այդ երկրներից ու շուկաներ են բացել մեզ համար, ու սա ֆանտաստիկայի ժանրից է։ Բա դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Հայաստանը պրոակտիվ քաղաքականություն վարի, ապա  ինչ կլինի։ Այն ուժերը որոնց մենք «ոչ» ասենք, աշխատելու են մեր դեմ ու սկսվելու է  պայքար։ Բայց ընթացքում ՀՀ-ի հնարավորությունները շեշտակի կարող են ավելանալ, եթե դաշնակիցների որոնման համատեքստում ճիշտ քաղաքականություն վարենք ու դուրս գանք ՀԱՊԿ-ից։

Պետք է փաթեթավորել ՀՀ-ի կարգավիճակը Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար։ Հիմա շրջանառվում է   խաղաղության խաչմերուկը, որը խորքի մեջ լավ բան է, բայց անիրատեսական է, որովհետև տարածաշրջանը պատերազմի հունի վրա է կանգնած։ Եթե չլինի ՀՀ-ն ,ապա ժողովրդավարական աշխարհը բռնատիրությունների դեմ տանուլ կտա, որովհետև ՀՀ-ն վերահսկում է տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածք՝ Սյունիքը, և եթե այն անցնի Արևմուտքի թշնամիներին, ապա Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցներիշրջանցումը կդառնա խաղուպար։ ՀՀ-ն սա պետք է  փաթեթավորի ու ներկայացնի Արևմուտքին։ 
 
Արևմուտքը ՀՀ-ին դիտարկում է ժողովրդավարական երկիր, իսկ Ադրբեջանին՝ բռնապետություն։ Արևմուտքը Ադրբեջանին չի կարող դիտարկել որպես պոտենցիալ դաշնակից, դրա համար էլ ԵՄ-ն մերժել է դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանի նախագահական ընտրություններում։
 
Դավիթ Լևոնյան