Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն տեսնում է, որ բավականին բարդ է խաղաղության պայմանագիրը գլուխ բերելը, և թուլացրել է իր դիվանագիտական ակտիվությունը. Հակոբ Բադալյան

ԱՄՆ-ն տեսնում է, որ բավականին բարդ է խաղաղության պայմանագիրը գլուխ բերելը, և թուլացրել է իր դիվանագիտական ակտիվությունը. Հակոբ Բադալյան
Հարցազրույց
22:00, 12 январь 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները կոմունիկացիաների բացման ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ են առաջացրել։ Խնդիր է նաև այն, որ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում հրաժարվում է  բանակցությունները վերսկսել, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու ԱՄՆ փորձերը բավարար չեն։ Այս հարցերի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։
 

- Պարոն Բադալյան,  Ալիևը հայտարարում է, որ եթե, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքը» չբացվի,  ապա Ադրբեջանը մտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ հատվածում։ Մեր կողմից ի՞նչ պատասխան պետք է հնչի՝ հաշվի առնելով, որ մեզ պետք է ճանապարհների ապաշրջափակումը։

- Ալիևի հայտարարությունը հերթական անգամ արտահայտում է  այն ռազմավարական խնդիրը, որ կա Ադրբեջանի և Թուրքիայի համար, և այդ հարցը նաև աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տիրույթում է։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական բանակցությունները Ալիևը փորձում է կառուցել հենց այդ շեշտադրումով։    
Կա Իրանի ճանապարհը, Վրաստանի ճանապարհը, և Հայաստանը երեք տասնամյակ օգտագործում է  այդ ճանապարհները։ Հասկանալի է, որ այդպիսի սահմանափակ հնարավորությունները բարդացնում են լոգիստիկան, ինքնարժեքը և այլն, բայց եթե խնդիրը այն է, որ ՀՀ-ին պետք է թելադրվեն քաղաքական պահանջներ, և մենք պետք է կատարենք դրանք, որպեսզի ստանանք ճանապարհներ, ապա դա ընդունելի մոտեցում չի կարող լինել, առավել ևս, որ ՀՀ-ի ստանալիք ճանապարհների ու անվտանգության հարցերը, մեղմ ասած,  բաց են։ 

- Մի շարք փորձագետներ ու քաղաքագետներ կարծում են, որ Ալիևը չի ցանկանում խաղաղություն և պատրաստվում է պատերազմի։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

- Այստեղ խնդիրը Ալիևը չի։ Ալիևը տեսնում է, որ աշխարհը չի գնում խաղաղության, այլ  գնում է պատերազմի։ Մենք տեսնում ենք այդ պատերազմները ու պատերազմների ռիսկերը տարբեր ուղղություններով։ Ալիևը որքան էլ փորձում է հավակնոտ դեր ունենալ ռեգիոնալ հարցերում, այդուհանդերձ նա հեռու է ռեգիոնալ հարցերում խաղաղության և պատերազմի հարց վճռելու տրամաչափից, պարզապես նա արձագանքում է աշխարհում տիրող  առկա իրավիճակին։ Երբ տեսնում ես, որ աշխարհը խաղաղության չի գնում, ապա միամտություն է գնալ հակառակ տրամաբանությամբ և փորձել խաղաղություն փնտրել։ Սա է պատկերը։ 

- Իսկ ինչպե՞ս է ՌԴ-ն պատկերացնում տարածաշրջանի ապագան։

- ՌԴ-ն այստեղ փորձում է իր ազդեցությունը պահել, բայց մեծ նախաձեռնություններ չի ցուցաբերում  Կովկասում։ ՌԴ-ի ուշադրությունը, բացի ուկրաինական ուղղությունից, նկատելիորեն աշխուժանում է   դեպի մերձավորարևելյան ուղղություն, դեպի արաբական աշխարհ։ Ռուսները տևական ժամանակ երկրորդ համարով են խաղում Կովկասում ու փորձում են հնարավորությունների նվազման պայմաններում նվազեցնել իրենց պատասխանատվության աստիճանը, բայց իրենց համար կարևոր է թույլ չտալ դիրքերի ռազմավարական հետընթաց կամ անկում, որովհետև ՌԴ-ի համար Կովկասի խնդիրը կենսական է։ Եթե ԱՄՆ-ի համար ռազմավարական չէ կովկասյան խնդիրը, ապա ՌԴ-ի ու Թուրքիայի համար դրանք կենսական խնդիրներ են։

- Դուք համաձայ՞ն եք այն մտքի հետ, որ Ադրբեջանը «մահակ է» Ռուսաստանի ձեռքում Հայաստանի «գլխին», ու եթե ՀՀ-ն չի շարժվում ՌԴ-ի խաղի կանոններով, ապա Ադրբեջանը, Ռուսաստանի հետ համագործակցելով,  ռազմական ուժ է կիրառում ՀՀ-ի վրա, ինչպես արել է ԼՂ-ի նկատմամբ։ 

- Ադրբեջանը ՌԴ-ի համար «մահակ» չէ, և դա մեր մոլորություններից մեկն է, որ մենք կարծում ենք, թե Ադրբեջանը գտնվում է  ՌԴ-ի այնպիսի ազդեցության տակ, որ կարող է կիրառվել որպես մահակ։ Ադրբեջանի պարագայում իրավիճակը բավականին բարդ  է, և այնտեղ կա ազդեցության բազմազանություն։ Ադրբեջանի վրա ՌԴ-ից ավելի մեծ ազդեցություն ունի Բրիտանիան, հակառակ պարագայում Բրիտանիան տասնյակ կամ հարյուրավոր միլիարդ դոլարի ներդրումներ չէր կատարի Ադրբեջանում։ Եթե Ադրբեջանը «մահակ է» Ռուսաստանի ձեռքին, ապա առնվազն այնքանով, որքանով  Մեծ Բրիտանիայի կամ Թուրքիայի ձեռքին։ 

- Արդյոք ԱՄՆ-ն չունի՞ բավարար ազդեցություն Ադրբեջանի վրա, որպեսզի ստիպի Ադրբեջանին գնալ խաղաղության Հայաստանի հետ։ Մենք տեսնում ենք, որ հիմա հայ-ադրբեջանական  հանդիպում կազմակերպելն է բավականին բարդ խնդիր դարձել ԱՄՆ-ի համար։ 

- Ներկայիս աշխարհում ուժերի հարաբերակցությունը այնպիսին է, որ էապես նվազել են նաև ԱՄՆ-ի հնարավորությունները՝ որպես գերտերություն։ Մեկ օրինակ բերեմ. եթե Սաուդյան Արաբիայի արքայազնը կարող է չպատասխանել ԱՄՆ նախագահի զանգին, ապա սա արդեն ցուցիչ է։ Իհարկե, ԱՄՆ-ն, որպես գերտերություն, շարունակում է   պահպանել իր առաջատար դերը և դիրքը, բայց այդ առաջատարությունը ամենևին պետք չէ շփոթել ամենակարողության հետ։ Եվ եթե ԱՄՆ-ն գնում է  մի ուղղությամբ խնդիր լուծելու, ապա ռեսուրսների ծախսի հաշվարկը կատարվում է նրանով, թե ինչքանով է իրենց համար այդ խնդիրը կենսականորեն կարևոր, իսկ ԱՄՆ-ն Կովկասում չունի կենսական խնդիր, և եթե լինի կենսական խնդիր, ապա գուցե Ադրբեջանի վրա գործադրվի ահռելի ճնշում, և Ադրբեջանը չկարողանա տեղի չտալ այդ ճնշմանը։
Եթե դիտարկենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը, ապա այստեղ պետք է հաշվի առնել Իրանի գործոնը, Թուրքիայի գործոնը, ՌԴ-ի հանգամանքը, Բրիտանիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Այս բոլոր հարցերը բավականին հանգամանալից ուսումնասիրության կարիք ունեն։ Նահանգները տեսնում է, որ բավականին բարդ է խաղաղության պայմանագրի գործընթացը։  ԱՄՆ-ն որոշակիորեն թուլացրեց իր անմիջական դիվանագիտական ակտիվությունը և փորձում է փոքր-ինչ հետ քաշվել պատասխանատվությունից։ Այժմ շատ է շեշտադրվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ խոսակցության մասին, այսինքն՝ պատասխանատվությունը փորձ է արվում դնել ՀՀ-ի ու Ադրբեջանի վրա, որովհետև տեսնում են, որ բավականին բարդ է այդ խաղաղության պայմանագիրը գլուխ բերելը։ 

- Ստեղծված իրավիճակում   ի՞նչ պետք է անի Հայաստանը: 

- Մենք ճանապարհների ապաշրջափակման ռեժիմների կամ մոդելների հարցում պետք է  հասկանանք, թե որ պետության հետ ունենք ընդհանուր շահեր, և այդ շահերի հարաբերակցությունը կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ինչպիսին է։ Սա վերաբերում է ՌԴ-ին, Իրանին, Արևմուտքին, Թուրքիային և այլն։ Այսինքն՝ այդ  խնդիրները պետք է լրջորեն դիտարկենք։
Մեր գլխավոր հարցերը, կարծում եմ, պետք է լուծվեն ներսում։ Մենք մեր ներքին որակները պետք է  փոխենք, որպեսզի արտաքին առումով լինենք կենսունակ։ Իսկ արտաքին դաշտում մեր գլխավոր խնդիրը հիմնական խաղացողների հետ աշխատանքի արդյունավետության ձգտելն է։ Այսինքն՝ մենք կարող ենք տարբեր կերպ գնահատել տարբեր խաղացողների շահերը, բայց պետք է  բոլորի հետ աշխատել ու խուսափել մի ուղղությունը մյուսի հետ հակադրելուն։   
 
Դավիթ Լևոնյան