Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն մանիպուլյացիա է համարել Փաշինյանի՝ չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրելու առաջարկը

Բաքուն մանիպուլյացիա է համարել Փաշինյանի՝ չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրելու առաջարկը
Քաղաքականություն
22:41, 29 январь 2024
Բաքուն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ մտցնելու և չհարձակման պայմանագիր կնքելու առաջարկը համարում է քաղաքական շահարկում և կարծում է, որ դա ուղղված է խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքից ուշադրությունը շեղելուն։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի մշակման և միջպետական հարաբերությունների կառուցման գործընթացից»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով, չնայած ադրբեջանական կողմի բազում կոչերին՝ վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ կապված պահանջներին, հայկական կողմը դեռևս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ «Այս առումով Հայաստանի առաջարկները, որոնք գործնական նշանակություն չունեն, տարակուսելի են և անընդունելի»,- ընդգծել է Հաջիզադեն։

Նա նաև կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունները՝ խաղաղ գործընթացին իր հավատարմության մասին,քաղաքական մանիպուլյացիա են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը վարում է ռազմականացման լուրջ քաղաքականություն, վերջին տարիներին ստորագրել է զենք գնելու միլիարդավոր դոլարների նախագծեր և զարգացնում է ռազմական արդյունաբերությունը»։

«Ադրբեջանն իր հերթին կշարունակի խաղաղության հաստատման իր ջանքերը և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր․ «Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից»:

Անահիտ Խաչարյան