Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի խոսքերի տողատակում այն նույն պահանջներն են, որոնք շատ ավելի ուղիղ և սպառնալիքի տեսքով հնչում են Ադրբեջանից

Էրդողանի խոսքերի տողատակում այն նույն պահանջներն են, որոնք շատ ավելի ուղիղ և սպառնալիքի տեսքով հնչում են Ադրբեջանից
Քաղաքականություն
16:40, 27 август 2021
Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։ Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Էրդողանի խոսքով՝ այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»։

«Եթե Հայաստանը օգտվի այս շանսից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:  

Այսօր գործադիրի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «որոշակի դրական հրապարակային ազդակներ» կան Թուրքիայի կողմից։ «Մենք դրանք կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասաց Փաշինյանը՝ թերևս նկատի ունենալով հենց Էրդողանի հայտարարությունը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, նկատեց, որ Էրդողանի խոսքերի տողատակում այն նույն պահանջներն են, որոնք շատ ավելի ուղիղ և սպառնալիքի տեսքով հնչում են Ադրբեջանից։ Պարզապես Թուրքիան փորձ է կատարում ավելի դիվանագիտական լեզվով ներկայացնել իր քաղաքականությունը, որպեսզի չստեղծվի մի միջավայր, որտեղ Թուրքիան ավելի թիրախավորված կդառնա:

«Այս ամբողջական գործընթացում այս պահին առաջին ջութակի դերը  Էրդողանը զիջել է  Ալիևին։ Թուրքական կողմը հանդես է գալիս առավելապես որպես տարածաշրջանում համագործակցության ջատագով երկիր և  թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգը ներկայացնում է ավելի դիվանագիտական հարթությունում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի նախագահը իր հռետորաբանությամբ անցնում է  ցինիկության բոլոր սահմանները»,- ասաց Պետրոսյանը։ 

Այդ դեպքում, եթե Թուրքիայի նախագահի ասածը նույնն է, ինչ Ալիևինը, ինչո՞ւ է ՀՀ վարչապետը դա համարում «Թուրքիայի կողմից որոշակի դրական հրապարակային ազդակներ»՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դա քաղաքական մանևր է ՀՀ-ի կողմից։ ՀՀ վարչապետի հայտարարությունը քաղաքական հայտարարություն է, քաղաքական խոսույթի տիրույթում է, քանի որ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում Թուրքիայի հետ քաղաքականության հիմնական շեշտադրումները այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այս պարագայում, ես կարծում եմ, ՀՀ վարչապետի կողմից պատրաստակամություն է ներկայացվում այդ քաղաքականությունը իրականացնել՝ Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը մեկնաբանելով այն տեսանկյունից, որը ձեռնտու է ՀՀ  քաղաքականության իրականացման համար»։ 
 
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ևս civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, նկատեց, որ «երկարատև խաղաղության համար պայմաններ» ասելով Թուրքիայի նախագահը ևս նկատի ունի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իրենց ցանկությունն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն, որով հնարավոր կլինի առհասարակ փակել Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի վերադարձը Հարավային Կովկաս: «Էրդողանը, ինչպես Պուտինը, ցանկանում է, որ Փաշինյանն ու Ալիևը գնան և հաշտության պայմանագիր կնքեն, և դրանով փակվի Մինսկի խմբի մյուս եռանախագահող երկրների քաղաքական ներկայությունը  Հարավային Կովկասում։ Սակայն մի հանգամանք կա. Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող երկուսով որևէ հաշտության պայմանագիր կնքել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն այն կարող են ապօրինի ճանաչել, քանի որ արցախյան հարցի կարգավորումը պատվիրակված է եռանախագահներին»,- ասաց Չաքրյանը՝ հավելելով, որ ներկայումս Փաշինյանը այդ հայտարարությունը համարում է «Թուրքիայից եկող որոշակի դրական հրապարակային ազդակներ», որովհետև «Փաշինյանի վրա նկատելի է Պուտինի ճնշումը։

Արփի Հարությունյան