Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սպասիբո, Ռոսիա» -ով Լեռնային Ղարաբաղում ընդունելության արժանացած ՌԴ խաղաղապահները այն լքում են առանց սենտիմենտի, տորթի ու․․․խայտառակված

«Սպասիբո, Ռոսիա» -ով    Լեռնային Ղարաբաղում ընդունելության արժանացած ՌԴ խաղաղապահները այն  լքում են առանց սենտիմենտի, տորթի ու․․․խայտառակված
Քաղաքականություն
08:30, 18 апрель 2024
Մեկ տարի առաջ այս օրերին ՀՀ իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ քննարկում էին 5 ամսից ավելի փակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման հարցը, իսկ այսօր արդեն,  մեկ տարի անց, խաղաղապահ զորակազմը  Ադրբեջանի և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ Լաչինի միջանցքով լքում է իր պատասխանատվության երբեմնի գոտին։   

Շատերն են երևի հիշում, թե ինչ խանդավառությամբ,  երախագիտության ինչպիսի ցուցադրական ժեստով էին արցախահայերը շնորհավորում խաղաղապահի օրը 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020 թ․ նոյեմբերի 27-ին․ «Սպասիբո, Ռոսիա»,  ՌԴ դրոշի գույներով ու «Ռոսսիա» գրությամբ  տորթ ու  փախլավա, մրգերվ լի սկուտեղ ու  շնորհավորական ուղերձ տեղի հայերի կողմից՝ «ՌԴ-ն եղել է եւ շարունակում է մնալ մեր եղբայրական երկիրը», «մենք ուզում ենք, որ դուք միշտ լինեք Ղարաբաղում»․․․ «Այսօր խաղաղապահների օրն է: Արցախցիներն այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն»,- այդ օրը այսպիսի հաղորդագրություն էր տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը։    

44-օրյա պատերազմի գնով եւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ  «Լեռնային Ղարաբաղ»  մուտք գործելու հնարավորություն ստացած ՌԴ-ն, նկատենք,   իր  ռազմական ներկայությունը  դուրս է  բերում  առանց սենտիմենտի, շնորհակալական եւ երախտագիտության համանման խոսքերի և ամենակարեւորը՝  վարչատարածքային մեկ այլ միավորից՝ «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանից»։ Համենայնդեպս, 2023 թ սեպտեմբերյան ագրեսիայից եւ բռնի հայաթափումից հետո  Լենային Ղարաբաղը հենց այսպես՝ անվանափոխված էր ներկայացվում  խաղաղապահ կոնտինգենտի կողմից  ՌԴ ՊՆ կայքում հրապարակվող ամենօրյա տեղեկագրերում։  Թեեւ պետք է նկատել, որ նոյեմբեի 9-ի հայտարարության կողմ եւ երաշխավոր ՌԴ նախագահ Պուտինի համար «Ղարաբաղը Ադրբեջան» էր դեռ 2020-ի դեկտեմբերի դրությամբ։  Հետեւապես,  ԼՂ-ի շուրջ ծավալված հետագա զարգացումները կարծեք նպատակաուղղված էին Կրեմլի ղեկավարի այս արձանագրումն իրականություն դարձնելուն։  

Նախորդիվ արդեն հայտնել ենք, որ վերջին տեղեկագիրը ՌԴ պաշտպանական գերատեսչության կայքում հրապարակվել է ս․թ․ հունվարի 9-ին, ինչից հետևում էր, որ խաղաղապահները այլեւս որևէ առաջադրանք չենք կատարում իրենց վերապահված պատասխանատվության գոտում եւ այլեւս օրակարգային է նրանց դուրս բերման հարցը։  
 
Հատկանշական է, որ  զորակազմը ԼՂ էր մուտք գործել 5 տարի ժամկետով, սակայն դե յուրե  առաքելություն իրականացրեց  երեք տարուց էլ պակաս ժամանակով, և այժմ, փաստրեն, դուրս է գալիս ժամկետից ավելի քան մեկուկես տարի շուտ։ Նկատենք, որ ընդամենը երկու օր առաջ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր՝ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառներն ավելի քիչ են դարձել։ Ադրբեջանը, սակայն, նրա խոսքով, դեռ չի բարձրացրել զորքերը դուրս բերելու հարցը, «որպեսզի Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում»։  

«Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը նրանց դուրսբերման մասին դեռ հարցեր չի բարձրացրել միայն հանուն նրա, որ ՌԴ-ում դա չընկալվի որպես պարտություն, որպես զիջում, որպես վնաս, որը հասցվում է ՌԴ-ից դուրս մեր զինվորականների ներկայությամբ։ Բայց իրականում մեր խաղաղապահների՝ Ղարաբաղում գտնվելու պատճառներն ավելի քիչ են»,- ասել էր Զատուլինը։ Իսկ այսօր արդեն Ադրբեջանի նախագահի խորհրդականը հայտարարեց, որ խաղաղապահների դուրս բերումը Ալիև-Պուտին պայմանավորվածության արդյունքում է տեղի ունենում։  
 
Առիթն օգտագործենք եւ հպանցիկ ամփոփենք խաղաղապահների «ոդիսականը»՝ հընթացս արձանագրելով՝ իրեն վերապահված պատասխանատվության գոտին  լքելու անփառունակ այս գործընթացի միջազգային ուղերձը հստակ է՝ Ռուսաստանը  կատարելապես ձախողեց իրեն վերապահված առաքելությունը հակամարտության մի գոտում, որի անվտանգության երաշխավորումը պատվիրակվել էր իր դաշնակից երկրի՝ ՀՀ-ի կողմից։  Այդ ձախողման ամենաաղաղակող ապացույցն, անտարակույս, էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղն է, այդ պրոցեսին ՌԴ-ի ցուցաբերած կրավորական կեցվածքը, չհաշած բազմաթիվ զոհերն ու այն  խայտառակ ինցիդենտները, որոնք արձանագրվել են խաղաղապահների տեղակայման առաջին իսկ օրերից՝ Հին Թաղերի, Խծաբերդի օկուպացիայից  մինչեւ   Փառուխ-Քարագլուխի «օպերացիա»՝ խաղաղապահների «գործուն անործությամբ»։ Այս և մնացած այլ միաջդեպերին  մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք՝ նվիրելով տասնյակ հապարակումներ, խաղաղապահների գործունեության արդյունավետության հարցն էլ մեկ անգամ չէ, որ բարձրացվել է  ՀՀ իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն ապարդյուն։ Խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ միջազգային զորախումբ ԼՂՀ ուղարկելու հարցը նույնպես բարձրացվել է թե ԼՂՀ իշխանությունների եւ թե ՀՀ իշխանության կողմից։  «Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»՝ դեռևս 2022-ի դեկտեմբերին, Լաչինի միանցքի փակումից հետո հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Մինչդեռ այս ամենի ֆոնին Ադրբեջանը հաստատակամորեն ազդարարում էր՝ ռուս  խաղաղապահները  ԼՂ-ում տեղակայված են ժամանակավորապես եւ  այդպես էլ չստորագրեց  խաղաղապահների մանդատը։  

Այդ մանդատի փաստաթղթում, արդեն որերորդ անգամ պիտի հիշեցնենք,  թվարկված էին մի շարք գործառույթներ։  Մասնավորապես ղարաբաղյան շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովեր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումը, միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, ինչպես նաեւ մշտադիտարկեր հրադադարի ռեժիմը, արձագանքեր ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, իր պատասխանատվության գոտում հակազդեր անկարգություններին, նպաստեր Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպաներ կենսական նշանակության օբյեկտները եւ այլն։ Այս՝ մանդատով իրենց վերապահաված պարտականությունները կատարելու փոխարեն, սակայն, ՌԴ-ն ոչ միայն աչք էր փակում ադրբեջանական կողմի շարունակական այլանդակությունների վրա, այլ  ԼՂՀ ժողովրդին Ադրբեջանի կազմում ինտեգրացիայի պլան էր առաջարկում:  Իսկ երբ  2023 թ․ սեպտեմբերի 19-ին ԼՂՀ-ի նկատմամբ ագրեսիայից հետո ՄԱԿ անվտանգության խորհուրդը  նիստ հրավիրեց, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը խրոխտ հայտարարեց․ «Մենք պետք է աստիճանական ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքները և անվտագությունը։ Այս գործընթացին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները։ ԼՂ հայերի անվտանգությունը և իրավունքներն առանցքային կարևորություն ունեն»։

Սույն մտքի հեղինակը նաեւ ազդարարել էր՝  «ռուսական խաղաղապահ առաքելության այընտրանք գոյություն չունի»։ ԼՂ հայությունն, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չընդունեց Լավրովի ինտեգրացիոն պլանը, այլ նաեւ մեկ մարդու պես լքեց իր բնօրրանը՝ այսպիսով ՌԴ խաղաղապահներին չթողնելով այլընտրանք, քան․․․․ժամկետից շուտ  Լեռնային Ղարաբաղը լքելը։  


Հ․Մանուկյան