Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան
Քաղաքականություն
13:28, 23 апрель 2024
Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համայնքի ղեկավար կազմը և սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և դրան որևէ մասնակցություն չունեն։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։

Նշվում է, որ նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։

Համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք աջակցում են խաղաղության հաստատմանը, սակայն համարում են, որ Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։
Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նոյեմբերյան համայնքի կենտրոնական հատվածում փակ է դեպի Վրաստան տանող ճանապարհը, որտեղ հավաքվել են ինչպես Նոյեմբերյանի, այնպես էլ սահմանամերձ տարբեր գյուղերի բնակիչներ։
Տարածվող լուրերի համաձայն՝ Նոյեմբերյանում հավաքված բազմության մեջ ավտոմեքենա է փորձել մխրճվել, ինչի հետևանքով երկու մարդ վնասվածքներ են ստացել։

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն պետական սահմանի սահմանազատման հարցում պայմանավորվածության են հասել ու համաձայնեցրել են սահմանի առանձին հատվածներ։ 
Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խումբ էր ստեղծել, որում ընդգրկվել էին Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ։