Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խումբ կկազմվի և կայցելենք Սյունիք՝ տեղում խնդիրներին ծանոթանալու․ Անդրանիկ Քոչարյան

Խումբ կկազմվի և կայցելենք Սյունիք՝ տեղում խնդիրներին ծանոթանալու․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
17:13, 22 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։  

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն ընդգծեց, որ արդեն 4-րդ նիստն են անցկացնում, և օրակարգում կա միայն մեկ հարց. «Կարծում եմ՝ դա չի արտացոլում այսօր ՀՀ պաշտպանության համակարգի առջև դրված իրական պատկերը և մարտահրավերները։ Ես առաջարկում եմ օրակարգ ներառել մեկ հարց ևս, այն է՝ հանձնաժողովի որոշմամբ ստեղծել աշխատանքային խումբ, ցանկալի է՝ պարիտետային սկզբունքով՝ մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր խմբակցությունից, որը պետք է ուսումնասիրի Հայաստանի հարավարևելյան սահմանին տիրող իրավիճակը, պատճառահետևանքային կապը երկու ասպեկտով՝ ռազմաքաղաքական և սահմանադրա-իրավական, և կներկայացնի ամփոփ հաշվետվություն և զեկույց հանձնաժողովին, որից հետո պարզ կդառնան հետագա անելիքները։ Սա, իմ կարծիքով, մեր քաղաքացիներին բազմակի անգամ հուզող հարց է»։ 

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով Ղազինյանի խոսքին, նշեց, որ եթե փոխնախագահի ընտրության հետ կապված հարցը նույն հունով է ընթանալու, որը եղել է նախորդ երեք արտահերթերի դեպքում, ինքը չի մասնակցի, քանի որ նախորդ 2-ի դեպքում ներկայացրել է իր դիրքորոշումը. «Ես իմաստ չեմ տեսնում մասնակցելու այնքան ժամանակ, քանի իշխանությունը չունի քաղաքական որոշում ընդդիմության առաջադրած թեկնածուին ընտրելու մասով»։ Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի առաջարկած հարցին՝ նշեց, որ ինքը կողմ է այդ հարցը օրակարգ բերելուն։  

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ փոխնախագահի ընտրության խնդիրը միայն իշխանության քվեարկության մեջ չէ. «Ընդդիմությունը կարող էր քայլ անել և անընդհատ ոչ թե նույն թեկնածուին ներկայացներ, այլ կարող էր նաև թեկնածուի փոփոխության խնդիր քննարկել Ձեզ մոտ, և ներկայացնեիք։ Մենք ունենք կանոնակարգ օրենքի պահանջ՝ եթե տեղակալի ընտրությունը չի հաջողվում, մենք 5 օրվա ընթացքում պարտավոր ենք այդ խնդրին նորից անդրադառնալ»։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ տեսակետ հայտնեց, որ Ղազինյանի առաջարկը դատախազությանն ու քննիչներին է վերաբերում, իսկ եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ու դրանից բխող հետևանքները պետք է քննարկվեն, ապա պետք է դա արվի քննիչ հանձնաժողովի նիստում։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արթուր Ղազինյանի առաջարկն օրակարգում ներառելու հարցը դրեց քվեարկության և հավելեց, որ աշխատանքային խումբ է ձևավորվում եկող շաբաթվա համար, և ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը այդ աշխատանքների հետ կապված գտնվում է Սյունիքում։

Ղազինյանի առաջարկած տեսակետը օրակարգին ավելացնելու հարցին կողմ էին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները, իսկ դեմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, և հարցը չմտավ օրակարգ։ ՔՊ պատգամավորները կողմ էին միայն արդեն իսկ բաժանված օրակարգին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ 

Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Օգոստոսի 17-ին ես նամակ էի ուղղել Նուրան արքեպիսկոպոս Մանուկյանին՝ այն կապակցությամբ, որ Երուսաղեմի մեր պատրիարքարանը մեզ աջակցի 44-օրյա պատերազմում  անդամալույծ դարձած մեր զինվորականներին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար։ Այսօր պատրիարքը ուղարկել էր իր ներկայացուցչին՝ Կորյուն վարդապետին, դետալները ճշտելու համար։ Ասեմ, որ Զինվորի տան ղեկավար կազմի և պարոն Մուրադյանի հետ մենք դետալիզացիայի կենթարկենք այդ առաջարկը և կպարզենք, թե ինչ ճանապարհով և ինչ խմբաքանակով մեր վիրավորված զինվորներին կուղարկենք Երուսաղեմ, որպեսզի հոգեբանական աջակցություն ստանան նաև եկեղեցուց։ Մեկ այլ հարց էլ կա՝ իդենտիֆիկացված դիակները երբ հայտնաբերվում են, տեղի են ունենում որոշակի արարողակարգային գործընթացներ Եռաբլուրում կամ հարազատների նախանշած վայրերում, և ՊՆ-ն պարբերաբար հանձնաժողովի նախագահին ուղարկում է այդ տեղեկատվությունը։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովի անդամները դա կարող են ստանալ և ըստ իրենց գրաֆիկի մասնակցել միջոցառումներին՝ որպես այդ ընտանիքներին աջակցություն»։  

Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով Ղազինյանի ու Աբրահամյանի առաջարկին՝ ենթահանձնաժողովի տրամաբանությամբ Սյունիք այց կազմակերպելուն և առնչվող հարցերի շրջանակը ճշտելուն, շեշտեց. «Այդ հարցերը, ըստ իս, շարունակվելու են, քանի դեռ դելիմիտացիա և դեմարկացիա արված չէ։ Մենք այդ իրողությունից ելնելով պետք է կարողանանք ընկալել՝ մեր ուժային կառույցները էապես ճիշտ ձևաչա՞փ են գտել սահմանի այդ հատվածներում անվտանգության խնդիրների լուծման առումով՝ ՊՆ, ԱԱԾ, տեղական մարմինների և այդ կառույցների միասնական կառավարումը, քանի որ, ինչպես տեսաք, երկու քաղաքացի Քասախ գյուղից շփոթվել էին տարածքում և հայտնվել հակառակորդի հատվածում»:

Հանձնաժողովի նախագահը հավելեց՝ եթե ընդդիմությունը ցանկություն ունի մյուս շաբաթ մասնակցելու, ապա խումբ կկազմվի, և կայցելեն Սյունիք՝ ծանոթանալու խնդիրներին։

Արթուր Ղազինյանն արձագանքելով Սյունիք այց կատարելու հարցին՝ նշեց, որ իր առաջարկը իշխանությունը մերժում է, բայց այդ նույն համատեքստում քայլ է իրականացնում, և դուրս եկավ հանձնաժողովի նիստերի դահլիճից։  

Հանձնաժողովը քվեարկեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալի, և 4-րդ անգամ Արթուր Ղազինյանը չընտրվեց։ 

Նիստերի դահլիճը լքեցին նաև Տիգրան Աբրահամյանը և Գեղամ Նազարյանը։ 

Անդրանիկ Քոչարյանն էլ առաջարկեց ընդդիմությանը նոր թեկնածու բերել, քանի որ տեսնում են՝ իրենց թեկնածուն չի ընտրվում։