Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Քաղաքականություն
13:28, 24 сентябрь 2021
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել:

Օրակարգում ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախի Հանրապետությունում գործելու է միայն մեկ նոտարական տարածք:

Եվ հաշվի առնելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների բնակչության մի մասի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը, նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:

«Նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները»,- ընդգծել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը: