Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից. Վարչապետի ուղերձը բյուջեի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի վերաբերյալ և ասաց. «Այսօր ՀՀ-ն կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով սոցիալ-տնտեսական և անվտանգային աղետալի հետևանքները: ԱԺ ընտրությունների միջոցով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը, և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար»:

Նրա խոսքով՝ 2022թ. բյուջեում և գործունեության ծրագրում դրված նպատակադրումները հավակնոտ են և իրատեսական. «Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ»:

Վարչապետը կարևորեց պետական կառավարման աշխատանքի արդյունավետության բարձրացումը և մշակույթի վերափոխումը. «Ամենակարևորը պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարման և հետևապես կառավարության նպատակների իրագործման դանդաղման: Այսպիսով խոչընդոտվում է նաև տնտեսական աճը»:

Նա կարևորեց նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը. «Կառավարության ջանքերն այս առումով սկսել են արդյունքներ տալ: Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտը խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով 3 հիմնական գործիք՝ պետական գնումների թափանցիկություն, մրցույթի տրվող լոտերի ծավալների մեծացում և հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները»:

«2022թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթության վրա. անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում և կրթության ու գիտության արդիականացում: Կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից»:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի բյուջեն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը: