Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը. Փաշինյան

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը. Փաշինյան
Քաղաքականություն
11:19, 08 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինչպես նշվել է Կառավարության ծրագրում՝ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:

Նա նշեց, որ ինքն արդեն հասցրել է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն. «Այսօր էլ մեկնում եմ Վրաստան»:

Վարչապետի խոսքով՝ այդ այցելությունների օրակարգում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման է. «Այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը»:

Փաշինյանն ասաց, որ կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ. «Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը: Այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»:

Վարչապետը կարևորեց նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում կատարելու աշխատանքը:

«Հույս ունենք օր առաջ հասնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու հարցը»,- հավելեց նա: