Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմից հետո ունենք 3773 զոհ և 243 անհետ կորած. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո ունենք 3773 զոհ և 243 անհետ կորած. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
10:58, 24 август 2021
Կառավարության՝ 2021-2026 թթ-ի գործունեության ծրագիրը ներկայացնում ենք արտառոց պայմաններում: Այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների՝ դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերաբար խախտումը և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պետք է քննարկենք կառավարության ծրագիրը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ քննարկումը պետք է լինի ոչ միայն խնդիրների և մարտահրավերների արձանագրման, այլև՝ դրանց պատճառների և ծագումնաբանության մասին, ինչպես նաև պետք է լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ և  միջնաժակետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով.

«Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում ճակատագրական և շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռական է լինելու մեր պետության և պետականության համար: Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայնդեպս, մեր քաղաքական թիմը այդպիսի քննարկման է տրամադրված, որտեղ բացակա են վիրավորանքը և հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը և հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը և քննադատությունը, որը ենթադրում է բանավեճ, այլ ոչ թե վիճաբանություն»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ վերջին ամիսներին կարևոր ձեռքբերումներ են ուղղել մեր պետության, ժողովրդավարության կայացման իմաստով և բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: