Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի. Սեյրան Օհանյան

Չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի. Սեյրան Օհանյան
Քաղաքականություն
12:04, 08 октябрь 2021
«Այսօրվա իշխանությունները այսօր սահմաններում տիրող տեղագրական իրավիճակը կապում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքի հետ, ինչն անընդունելի է. այդ օրենքը ներքին սպառման համար է: Նույնիսկ եթե այդ օրենքը գոյություն ունի, մենք իրավունք չունեինք նոյեմբերի 9-ի կանգնեցրած պատերազմից հետո սահմանային հատվածներում, որտեղ պետք է հետագայում ռեալ սահմանագծում և սահմանազատում տեղի ունենա, Ադրբեջանին հանձնել ռազմավարական այն բոլոր կետերը, բարձունքները, ճանապարհները, որոնք վիճելի են մեր և Ադրբեջանի միջև»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ պատերազմական գործողությունների վերսկսման համար պետք է լիարժեք տիրապետել առկա խնդիրներին. «Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց ես կարծում եմ, որ մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են, չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտությունն է ստիպել Իրանի Իսլամական Հանրապետությանը իրենց սահմաններում զորավարժություններ կատարել ուժի ցուցադրման և նաև հոգեբանական ազդեցություն իրականացնելու համար: