Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանական ընդդիմությունը սահմանային անվտանգության հարցերով կրկին արտահերթ նիստ է պահանջում ՝ չունենալով իրավասություն գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու

Խորհրդարանական ընդդիմությունը սահմանային անվտանգության հարցերով կրկին արտահերթ նիստ է պահանջում ՝ չունենալով իրավասություն գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու
Քաղաքականություն
20:02, 13 октябрь 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կրկին առաջարկ են արել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին՝ հոկտեմբերի 15-ին արտահերթ նիստ հրավիրել իրենց առաջարկած օրակարգով։ Այս մասին Cvic.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հավելեց. «Հիմա այդ նիստը հրավիրելու համար իրենք պետք է կարողանան հստակ ձևակերպել իրենց նպատակները»։ 

Նշենք, որ ընդդիմությունը հոկտեմբերի 4-ին ժամը 13։00-ին  ևս ցանկանում էր արտահերթ նիստ հրավիրել և դիմել էր հանձնաժողովի նախագահին, սակայն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ստացել էին առարկություն ժամը 13։20-ին։ 

«Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանն առաջարկել էր հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկել Սյունիքի շուրջ զարգացումները, որին, ըստ ընդդիմության դիմումի պահանջի, ներկա պետք է լինեին նաև պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։

Նման օրակարգով ընդդիմության պահանջը բավարարելու համար բնականաբար անհրաժեշտ կլիներ անցկացնել փակ նիստ, քանի որ սահմանային անվտանգային հարցերը չէին կարող քննվել բաց նիստում պատկան մարմինների ղեկավարների հետ։ Իսկ փակ նիստում քննվող սահմանային հարցերը հավանաբար կառնչվեին նաև գաղտնի փաստաթղթերին։ Մինչդեռ գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու համար իրավասու մարմին է պետք կամ էլ նման լիազորություն ունեցող պաշտոնյաներ, սակայն հենց Արթուր Ղազինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չունի իրավասություն ձեռք բերելու կամ ծանոթանալու գաղտնի փաստաթղթերի։ 

Այս համատեքստում ընդգծենք, որ դեռևս հոկտեմբերի 5-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը հիշատակեց, որ պաշտպանության նախարարին հարցումներ է ուղարկել Արթուր Ղազինյանի հիշատակած Սյունիքի թեմայով. «Անձամբ ես բազմաթիվ հարցապնդումներ պաշտպանության նախարարին ուղարկել եմ պարոն Ղազինյանի հիշատակած Սյունիքի հետ կապված։ Հարցապնդումը վերաբերում է այն բոլոր գործողություններին, որոնք կապիտուլյացիոն հայտարարությունից հետո դեկտեմբերի ընթացքում տեղի են ունեցել. ինչպե՞ս են հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը հետ քաշվել մեկ տասնյակից ավելի կմ, ինչի՞ հիման վրա է եղել, եղե՞լ է արդյոք որևէ փաստաթուղթ, հրամանը ի՞նչ փաստաթղթի հիման վրա է եղել, եղե՞լ է արդյոք այլ երկրների հետ կնքված որևէ փաստաթուղթ»։