Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության կազմած հայտարարության տեքստում տեղ են գտել ներքաղաքական բովանդակությամբ ձևակերպումներ. ՔՊ-ն չի մասնակցելու քվեարկությանը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: 

Հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկության դնելուց առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ընթերցեց հայտարարության տեքստը:

Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, այս նախագիծը մեծամասնությունը ստացել է երեկ, օրվա երկրորդ կեսին, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախագիծն ամբողջությամբ կազմել էին. «Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում: Մենք շատ ուրախ կլինեինք, եթե հնարավորություն ունենայինք ի սկզբանե, այսպես կոչված, զրոյից աշխատանքային խումբ ձևավորել և մեր գործընկերների հետ աշխատել նախագծի վրա»:

Նրա խոսքով՝ իրենց չի հաջողվել գործընկերների հետ ունենալ նախագծի կոնսենսուսային տարբերակ: Հայկ Կոնջորյանը ընդգծեց, որ բոլոր այն դրույթների հետ, որոնք վերաբերում են Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիային և բոլոր անընդունելի գործողություններին, իրենք որևէ խնդիր չեն տեսնում. «Ավելին, խորհրդարանական մեծամասնությունը իր բոլոր խողովակներով և գործադիրը բոլոր մակարդակներում պայքարում են նշված խնդիրների միջազգային հանրայնացման և լուծման ուղղությամբ, սակայն հայտարարության մեջ տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք նման հայտարարության մեջ, ըստ մեզ, չեն կարող տեղ գտնել, և ցավոք, ընդդիմության հետ մենք չենք կարողացել հասնել կոնսենսուսի, որ ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումները ԱԺ հայտարարության այս տեքստից հանվեն: Հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցի այս քվեարկությանը»: