Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ բան թաքցնելը անիմաստ է և անհեթեթ. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհերի, գերեվարվածների և անհետ կորածների թվաքանակի մասին

Որևէ բան թաքցնելը անիմաստ է և անհեթեթ. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհերի, գերեվարվածների և անհետ կորածների թվաքանակի մասին
Քաղաքականություն
12:16, 23 ноябрь 2021


«Եթե հիշում եք, ես ճշտված թիվ հրապարակեցի՝ դա 6 զոհերի ճշտված փաստն է»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ մնացածի վերաբերյալ՝ գերի են, անհետ կորած են, թե զոհված են, այդ ամենի ճշգրտումների համար, հնարավոր է, մի փոքր էլ ժամանակ պահանջվի, որպեսզի վերջնական պարզ դառնա. «Որևէ բան թաքցնելը նախ՝ անիմաստ է, երկրորդը՝ անհեթեթություն է, որովհետև երբ կանոնավոր կառույցներն են կռվում, դրա իմաստը չկա: Պարզապես ճշգրտում պետք է լինի՝ անհետ կորա՞ծ են, գերեվարվա՞ծ, թե՞ զոհված»:

Նա ընդգծեց, որ նույնիսկ զոհվածի դին բերելուց հետո էլ ճշտելու բան կար. «Եթե գերեվարված են, ապա ում ձեռքում են գտնվում: Այս պահին էլ ԱԱԾ-ն իր համապատասխան խողովակներով այդ աշխատանքը տանում է»: 
Անդրանիկ Քոչարյանը որպես օրինակ նշեց Արցախյան առաջին պատերազմը.

«Մենք առաջին պատերազմից դեռևս անհետ կորածներ ունենք, որ մինչև հիմա սպասում ենք ճշգրտումների»: