Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Բաբայանին, Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրում եմ հանրային բանավեճի. Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյան

Էդուարդ Բաբայանին,  Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրում եմ  հանրային բանավեճի. Աբովյանի համայնքապետի  ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյան
Քաղաքականություն
17:52, 27 ноябрь 2021
Նոյեմբերի 27-ին՝ Աբովյան խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուները՝ ընտրական ցուցակը գլխավորող Պավել Ցուգունյանի գլխավորությամբ Աբովյան քաղաքում հանդիպում ունեցան ընտրողների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Վիգեն Խաչատրյանը եւ կուսակցության այլ ներկայցուցիչներ, պաշտոնյաներ:

Պավել Ցուգունյանը իր խոսքոմ նշեց, որ այս օրերին բավականին հետաքրքիր և զավեշտի հասնող  կարգախոսներ են լսում՝ նոր համայնքի, նոր սկզբի, համայնքի բնակիչների դեմքին ժպիտը վերադարձնելու մասին. «Լեգիտիմ հարց է առաջանում, իսկ, կներեք, այդ ովքեր են այն հները, ովքեր 20 տարի շարունակ խլել են այդ ժպիտը մեր քաղաքացիներից, ովքեր են այն հները, որոնց 20 տարին բավարար չէր համայնքը հանրապետության ամենազարգացած բնակավայրը դարձնելու համար: Առանց այս հարցերին հստակ պատասխան տալու ինձ համար այդպիսի  հայտարարությունները նման են գառներ չուտելու մասին գայլի հայտնի հայտարարությանը, իսկ նման իրավիճակում նոր սկզբի մասին խոսել, կնշանակի խոսել համայնքի ապաշնորհ կառավարման նոր սկզբի մասին, համայնքը վերջնական ու անդառնալի կերպով փլուզելու սկզբի մասին», - ասաց նա:

«Մենք գալիս ենք արժանապատիվ թիմով, թիմային պատասխանատվությամբ, հստակ ծրագրով և այն կյանքի կոչելու ամուր քաղաքական կամքով, մենք գալիս ենք թիմով, որի յուրաքանչյուր անդամ իր գիտելիքով, ամենօրյա աշխատանքով և անձնական օրինակով Աբովյան խոշարացված համայնքում բերելու է տեսակի ու  կյանքի որակի հեղափոխություն»,- շեշտեց նա:

Ցուգունյանի խոսքով՝ իրենց սկզբունքներից է հաշվետվողականությունն ու թափանցիկ կառավարումը եւ քաղաքացիների իրավունքն է համեմատության մեջ տեսնել, թե ովքեր են հավակնում ղեկավարել իրենց համայնքն առաջիկա հինգ տարիներին. «Դրա լավագույն միջոցը բոլոր մասնակից ուժերի առաջին համարների մասնակցությամբ հանրային հեռուստաբանավեճի կազմակերպումն է, ուստի, ես բոլոր մասնակիցներին՝ Էդուարդ Բաբայանին,  Էմիլ Հարությունյանին և Արման Մեղրյանին հրավիրում եմ ծրագրերի շուրջ բանավեճի՝ իրենց նախընտրած հեռուստաընկերության եթերում: Բանավեճին իմ մասնակցությունը կլինի, եթե բոլոր թեկնածուներն, առանց բացառության , տան մասնակցության համաձայնություն», - եզրափակեց նա: