Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Ղազինյան, ձեր մոտ 14 անգամ արդեն դա շատ լավ ստացվել է. ըստ ձեզ՝ 15-ը կհասցնե՞ք. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում օրակարգի վերջին հարցը դարձյալ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն էր:

Նշենք, որ այս հարցը քննարկվում է արդեն 14-րդ անգամ:

Ինչպես նշեց «Հայաստան» դաշինքի կողմից հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը, օրակարգին անդրադառնալու հարկ կլինի այն պարագայում, երբ իշխող մեծամասնությունը կփոխի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ. «Իսկ դիրքորոշումը կարծես թե չի փոխվել ու չի էլ փոխվելու»:

Վերջինիս խոսքով՝ առանց հիմնական զեկուցողի քվեարկությունն իրավազոր չէ. «Դուք պետք է նիստը հետաձգեք՝ մինչև գա հիմնական զեկուցողը, կամ արդեն կլինի թեկնածուն: Զեկուցողը ներկայացնում է խմբակցությունը, խմբակցությունն այս պահին չի մասնակցում: Մենք լքում ենք նիստերի դահլիճը, դուք շարունակեք քննարկել, դա ձեզ մոտ լավ ստացվում է»:

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ արձագանքեց. «Պարոն Ղազինյան, ձեր մոտ 14 անգամ արդեն դա շատ լավ ստացվել է: Շարունակեք նույն ոգով: Ըստ ձեզ՝ 15-ը կհասցնե՞ք, պարոն Ղազինյան»: